Ամենից առաջ խնդրում
եմ չվրդովվել «աղանդավոր» բառից: Խնդրում եմ նաև չոգևորվել, չվիրավորվել, չշահարկել:
Ես դիտավորյալ եմ
օգտագործում «աղանդավոր» բառը՝ այն վերցնելով չակերտների մեջ: Դրանով ընդգծում եմ մեր
հասարակության մեջ առկա քամահրական, հաճախ նաև թշնամական վերաբերմունքը Առաքելական
եկեղեցուց զատ մնացած գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Համոզված
եմ, որ այդպիսի վերաբերմունքը առողջ հասարակության հատկանիշ չէ:
Չեմ ուզում այս հոդվածում
քննարկել, թե ինչ է աղանդը և ինչ իմաստ են նրա մեջ ներդնում տարբեր մոտեցումների տեր
մարդիկ: Ասեմ միայն, որ քրիստոնեության բողոքական ուղղության առանց բացառության բոլոր
եկեղեցիները մեր հասարակության կողմից հռչակվել
են որպես «աղանդներ»: Դե, ես էլ այդ «աղանդներից» մեկի հետևորդն եմ, ուրեմն ես «աղանդավոր»
եմ:
Իսկ ինչո՞ւ եմ «աղանդավոր»:
Ի՞նչն է պատճառը, որ հարել եմ հենց այդ ուղղությանը: Ի՞նչ եմ գտել այդտեղ, որ չեմ գտել
Առաքելական եկեղեցում:
Ամեն բան սկսվեց
1988 թվականի երկրաշարժից: Այդ օրը շատերի նման ես էլ մեկնեցի Գյումրի (այն ժամանակ՝
Լենինական), որպեսզի ինչ-որ կերպ օգտակար լինեմ երկրաշարժից տուժածներին: Սարսափելի
տեսարանները, մահը, վիշտն ու ողբը ցնցեցին ինձ մինչև հոգուս խորքը: Պատճառը չեմ կարող
բացատրել, բայց այդ օրը ես հասկացա, որ Աստված գոյություն ունի: Հավանաբար իմ մեջ արթնացավ
Աստծո վախը: Հավանաբար…
«Իմաստության
սկիզբը Տիրոջ վախն է»: (Առակ.1:7):
Ես սկսեցի հավատալ,
որ Աստված գոյություն ունի: Առաջ ընկնելով ասեմ, որ տարիներ հետո միայն հասկացա, որ
Աստծո գոյությանը հավատալ՝ դեռևս չի նշանակում լինել հավատացյալ:
Հավատալով, որ Աստված
գոյություն ունի, ես սկսեցի փնտրել մի շարք հարցերի պատասխանները՝ ո՞վ է Աստվածը, ինչպիսի՞ն
է Նա, ինչո՞ւ է Նա ստեղծել ինձ ու աշխարհը, ինչո՞ւ թույլ տվեց, որ երկրաշարժ լինի,
ի՞նչ է ակնկալում Նա ինձնից…
Փնտրում էի մեծ ձգտումով:
Հասկանում էի, որ պարտավոր եմ հասնել Աստծո նպատակների ընկալմանը, որպեսզի ապրեմ Նրա
հետ ներդաշնակ կյանքով: Միով բանիվ՝ սկսեցի փնտրել Աստծուն:
Փնտրում էի ամենուր:
Առաջին հերթին, իհարկե, Առաքելական եկեղեցում: Շաբաթական մի քանի անգամ այցելում էի
եկեղեցի, մոմ էի վառում: Գրաբարով սովորել էի մի քանի աղոթք: Մոմ վառելիս նայում էի
վառվող բոցին ու մտքումս կրկնում էի այդ աղոթքները: Ու թեև դրանք ասում էի մտքումս,
բայց միտքս անհաղորդ էր մնում դրանց իմաստին:
Սկսեցի կարդալ Աստվածաշունչը:
Խոտովանեմ որ մինչ այդ էլ էի փորձել կարդալ այն, սակայն միայն քննադատելու կամ նույնիսկ
ծաղրելու նպատակով: Հիմա արդեն կարդում էի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու
նպատակով: Բայց շատ քիչ բան էի հասկանում: Ու ստիպված փնտրում էի մարդկանց, ովքեր կկարողանան
օգնել ինձ հասկանալ Սուրբ Գիրքը:
Ձեռք բերեցի քահանա
բարեկամներ: Հարցուփորձ էի անում Աստծո մասին, Աստվածաշնչի այս կամ այն խոսքի մասին,
խնդրում էի, որ բացատրեն ինձ համար մութ տեղերը:
Ավաղ: Որևէ բացատրության,
օգնության փոխարեն նրանք ինձ սովորեցնում էին, թե ինչպես է պետք ճիշտ երգել «Հայր մերը»,
ինչից են եփում մյուռոնը, ինչ գույնի թելեր պետք է օգտագործվեն կնունքի խաչի նարոտի
համար, ինչ նշանակություն ունեն քահանայի զգեստի գույները, ինչու զատկի ձուն պետք է
ներկել միայն կարմիր գույնով…
Գուցե ընկալվի որպես
մեծամտության դրսևորում, բայց Առաքելական եկեղեցու սպասավորերի բացատրություններն ու
մեկնաբանությունները բոլորովին չհագեցրին իմ հոգևոր ծարավը: Ու ես սկսեցի Աստծուն փնտրել
ավելի հեռուներում՝ հնդկական, տիբեթյան, եգիպտական կրոններում, օկուլտիստական գրականության,
հեթանոսության մեջ ու բազմաթիվ այլ տեղերում:
Շա՜տ կարդացի ու այննքան
խճճվեցի, որ որոշեցի ինքս արարեմ իմ սեփական արարչին:
Իմ «հանճարեղ» մտահանգումը
հետևյալն էր. աստվածը նույնն է բոլոր կրոններում և նրա նպատակը մեր խնդրանքները կատարելն
է: Լավ խնդրես՝ գուցե և ստանաս: Իսկ եթե կարող ես ինքդ ձեռք բերել քո ուզածը, ապա աստծուն
անհանգստացնելու կարիք չկա:
Այսպիսով՝ Աստծուն
մոտենալու փոխարեն անսահմանորեն հեռացա Նրանից: Մեղք հասկացությունը իսպառ վերացավ
իմ մտածելակերպից: Ես համոզված էի, որ կարող եմ անել բացառապես ամեն բան՝ լավ կյանքով
ապրելու և ընտանիքս լավ պահելու համար:
Ու քանի որ ինձ համար
կրոնների մեջ որևէ տարբերություն չկար, Գառնու տաճարում օծվեցի որպես հեթանոս: Դրանով
կարծես ուզում էի աշխարհին ցույց տալ, որ ես հավատարիմ եմ իմ արմատներին, որ ես հայրենասեր
եմ: Ու զարմանալին այն է, որ այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում մեղադրել ինձ Առաքելական
եկեղեցու հետևորդ չլինելու համար և պիտակավորել ինձ որպես աղանդավոր: Հեթանոս լինել
կարելի է, քրիստոնյա լինել՝ ո՞չ…
Սկսեցի ամբողջ եռանդով
ընկղմվել մեղքի ճահիճը: Ու այդ նույն եռանդով և նույն մտածելակերպով հայտնվեցի… պարսկական
բանտում:
Հիմա արդեն Երևանում
երեք երեխաներիս հետ մնացած կինս էր սկսել փնտրել Աստծուն՝ Նրանից որևէ օգնություն
ստանալու ակնկալիքով: Բայց ի տարբերություն ինձ, նրան բախտ էր վիճակվել հանդիպել բողոքական
եկեղեցիներից մեկի հետևորդների հետ: Այդ ամբողջ եկեղեցին սկսել էր աղոթել ինձ ու իմ
ընտանիքի համար:
Ինչ արկածներ, տառապանքներ
ու ապրումներ ենք ունեցել ես ու կինս, միայն մեզ և Աստծուն է հայտնի: Դրանց մասին գուցե
երբևե կպատմեմ առանձին գրվածքով, եթե Աստված կամենա:
Հիշում եմ, թե ինչպես
մի անգամ կինս մեր 2-3 րոպե տևող հեռախոսազրույցներից մեկի ժամանակ շտապ-շտապ ասաց.
«Աշոտ, հրաժարվի՛ր Գառնու «մկրտությունից», ներողություն խնդրիր Հիսուսից և աղոթի՛ր
Նրան: Քո բառերով աղոթիր, պարտադիր չէ, որ անգիր արած աղոթքներ ասես: Խոսի՛ր Նրա հետ,
զրուցի՛ր, Նա հաստատ լսում է քեզ»:
Աղոթքը կրկին ինձ
մերձացրեց Աստծուն: Ես զգացի, որ Նա լսում է ինձ: Ես զգացի, որ Նա Ինքն էլ է խոսում
ինձ հետ: Եվ ամենակարևորը՝ ես զգացի, որ Նա ՍԻՐՈՒՄ է ինձ:
Թող չթվա, թե չարախնդում
եմ, բայց լռել չեմ կարող: Բանտում եղած ժամանակ օգնության ակնկալիքով ես մի քանի անգամ
զանգեցի Առաքելական եկեղեցու Թեհրանի Առաջնորդարան: Հանդիպեցի միայն անտարբերության
պատի…
Եկեղեցին, ուր սկսել
էր հաճախել կինս, ամեն երեկո նույն ժամին աղոթում էր իմ ազատության համար: Ես էլ Պարսկաստանից
էի միաբանվում էի նրանց հետ:
Աստված ինձ ազատություն
պարգևեց իմ հիսնամյակի օրը: Այո՛, ազատությունն ինձ պարգևեց Աստված: Ովքեր թերահավատորեն
կվերաբերվեն իմ այս հայտարարությանը, թող կարդան իմ վկայությունը կամ հանդիպեն
ինձ, և ես սիրով կհիմնավորեմ իմ այս համոզմունքը՝ Աստված լսեց մեր աղոթքները և ինձ
ազատություն պարգևեց:
Իմ ընկերների, բարեկամների
ու ծանոթների գերակշիռ մասը իրենց Առաքելական եկեղեցու հետևորդներ են համարում: Իմ
բանտում եղած ժամանակ նրանցից ոչ մեկը չէր աղոթել իմ ազատության համար: Օգնել էին,
քաջալերել էին, մխիթարել էին, բայց չէին աղոթել: Քրիստոնյան առանց աղոթքի՞…
Ես շնորհակալ եմ օգնությունների,
քաջալերանքի ու մխիթարության համար: Ես չեմ ուրանում և երբեք չեմ ուրանա դա: Նշեմ,
որ կնոջս օգնել, քաջալերել ու մխիթարել էին շատերը, այդ թվում նաև այն եկեղեցում, ուր
ինքը սկսել էր հաճախել: Բայց այնտեղ նաև աղոթել էին…
Երբ վերադարձա Երևան,
ավտոկայանից տուն հասնելու համար տաքսի վերցրի: Վարորդին խնդրեցի մինչև տուն հասնելը
կանգնել որևէ եկեղեցու մոտ, որպեսզի մոմ վառեմ: Ես դեռ չգիտեի, որ մոմ վառելն ինքնին
որևէ հոգևոր զորություն չունի:
Արդեն երեկո էր: Մտա
եկեղեցի, մոմ գնեցի, վառեցի, խրեցի ավազի մեջ: Ուզում էի իմ երախտագիտությունը հայտնել
Տիրոջը՝ իմ ազատության համար:
Հավանաբար մոտենում
էր եկեղեցու փակվելու ժամը: Ինձ մոտեցավ հատակը մաքրող կինը և հրամայեց մի կողմ քաշվել,
որ մաքրի իմ կանգնած տեղը: Այո, հրամայեց: Մինչ զարմացած նայում էի երեսին ու փորձում
ընկալել, թե ինչ է կատարվում, նա հատակի կեղտոտ փալասով սկսեց մաքրել իմ կանգնած տեղն
այնպես, որ փալասը քսվում էր ոտքերիս:
Իսկ երբ կինս համոզեց,
ու ես գնացի իր եկեղեցին, բոլորը ջերմորեն գրկում էին ինձ, բարի գալուստ մաղթում, ոմանք
նույնիսկ արտասվում էին, մի քանիսն էլ փող էին խցկում գրպանս…
Բողոքական եկեղեցում
ես գտա ինձ հուզող շատ հարցերի պատասխանները: Ես շփվեցի մարդկանց հետ, ովքեր քրիստոնյաներ
են ոչ թե ազգային պատկանելությունից ելնելով,
այլ իրենց ապրելակերպով, իրենց համոզմունքներով,
իրենց հավատով:
Բողոքական եկեղեցում
ես գտա Աստծուն:
Իսկ դուք հարցնում
եք, թե ինչու դարձա «աղանդավոր»: