Ի՞նչ է մեղքը
Աստվածաշունչում մեղք է կոչվում.
ա) Աստծո
օրենքին չենթարկվելը (Ա Հովհ.
3:4 ) և
բ) Աստծո
դեմ ապստամբելը (Բ Օրինաց
9:7, Հեսուի 1:18)
Մենք մեղք ենք գործում, երբ չենք անում այն,
ինչ մեզնից ուզում է Աստված, կամ անում ենք այն, ինչ չի ուզում Աստված: Իսկ Աստված
ուզում է, որ մենք սիրենք Իրեն և սիրենք միմյանց:
Մեղքն այն է,
ինչը բաժանում է մարդուն Աստծուց՝ իր Արարչից: Աստված մարդուն արարեց գեղեցկատես և
կատարյալ: Նա օժտեց մարդուն բացարձակ ազատությամբ: Մարդն
ազատ է Աստծո սերը կամովին ընդունելու, Աստծուն վստահելու և Նրա գիտությամբ կատարյալ լինելու ազատությամբ:
Աստված ուզում էր, որ մարդն
ընտրի կատարյալ լինելու աստվածային ուղին, բայց չի զրկել մարդուն նաև Իրեն չլսելու,
հնազանդ չլինելու ազատությունից:
Հարց է ծագում, ինչու՞ Աստած չի զրկել մարդուն
մեղք գործելու ազատությունից: Բայց մի՞թե այդ դեպքում մարդու ազատությունը կլիներ լիարժեք:
Աստված ուզում է տեսնել մարդուն որպես ազատ անձնավորություն, որն ընդունակ է կատարել
ճիշտ ընտրություն: Ունենալով մարդ սպանելու հնարավորություն, մի՞թե անպայման անհրաժեշտ
է սպանել: Սակայն մարդը՝ Ադամը, տրվելով գայթակղությանը, ընտրեց մեղքը: Մեղքն Աստված չի ստեղծել: Մեղքն առաջացել է
սատանայի սրտում և փոխանցվել է Ադամին: Այսպիսով մեղքը Ադամի միջոցով աշխարհ եկավ,
իսկ մեղքի հետ նաև անեծքն ու մահը:
Մեղք բառը հունարենում (αμαρτία) նշանակում է նաև այլասերում, շեղում
նպատակից: Աստծո նպատակը մեզ լիովին կատարյալ տեսնելն է. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Կատարելության ճանապարհից ցանկացած շեղում
մեղք է: Կատարելության չափանիշը Հիսուսն է: Հետևաբար
ցանկացած արարք, որ չի կատարվել Նրա օրինակով, մեղք է. «Այն ինչ հավատից չէ՝ մեղք է» (Հռոմ.
14:23)
Հաճախ մարդիկ մեղք ասելով հասկանում են ինչ-որ
սահմանափակումներ, որ «հնարել են» կրոնավորները՝ իրենց «ուրախ կյանքը աղճատելու» նպատակով:
Սա անհիմն մտայնություն է: Աստվածաշունչը տալիս է այն արարքների ցանկը, որոնք մեղք
են.
«...մարմնի
գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, անբարոյություն,
կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, չարակամություն, բարկություն,
հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, նախանձ, սպանություններ, հարբեցողություն,
անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ»։ Գաղ. 5:19-21:
Մեկ այլ տեղ. «...վեճեր, նախանձ, բարկություններ, գրգռություններ, չարախոսություններ, բամբասանքներ,
գոռոզություններ, ամբարտավանություններ, խռովություններ»։ Բ Կոր. 12:20:
Սրանք մեղսավոր արարքների ոչ լրիվ թվարկումներ
են: Մի՞թե այստեղ կա մարդու նորմալ կենցաղային ուրախությունների գեթ մեկ սահմանափակում:
Սակայն եթե անգամ մարդը գիտակցում է մեղքի էությունը,
միևնույն է, նա անկարող ինքն իր ուժերով ազատվել մեղքի ստրկությունից, քանի որ ստրուկը
սեփական ոչինչ չունի: Միայն հավատալով փրկագնմանը, որ հանուն մեր փրկության տեղի ունեցավ
Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անմեղ արյան գնով, մենք կարող ենք ազատվել մեղքի իշխանությունից: