Ո՞վ է գրել Աստվածաշունչը
Աստվածաշունչը
բաղկացած է երկու մասից՝ Հին և Նոր Կտակարաններից: Հին Կտակարանի ծավալը երեք անգամ մեծ է
Նոր Կտակարանի ծավալից և գրվել է
մինչև Քրիստոսը: Ավելի ճիշտ՝ մինչև Մաղաքիա մարգարեն, ով ապրել է Ք.Ա. (Քրիստոսից առաջ) 5-րդ դարում: Նոր Կտակարանը գրվել է առաքյալների
ժամանակներում, այսինքն՝ Ք.Հ. (Քրիստոսից հետո) 1-ին դարում: Երկու մասերն օրգանապես կապված
են միմյանց հետ. Հին Կտակարանն առանց Նոր Կտակարանի անավարտ կլիներ, Իսկ Նոր Կտակարանն
առանց Հին Կտակարանի՝ անհասկանալի:
Աստվածաշնչի բովանդակութունը դիտելիս
ակնհայտ է դառնում, որ երկու մասերն էլ ժողովածուներ են, կազմված առանձին ստեղծագործություններից՝
գրքերից, մարգարեություններից, նամակներից (թղթերից): Այս վաթսունվեց
գրքերի մեծ մասը կրում է դրանք գրառողների՝ տարբեր ծագում ունեցող և տարբեր ժամանակաշրջաններում
ապրած 30 այրերի անունները: Դավիթն ու Սողոմոնն, օրինակ, թագավորներ էին, Ամոսը՝ հովիվ, Դանիելը՝ պետական գործիչ,
Եզրասը՝ գիտնական-դպիր, Մաթևոսը՝ մաքսավոր (հարկահավաք), Ղուկասը՝ բժիշկ, Պետրոսը՝ ձկնորս:
Մովսեսն իր գրքերը գրել է Քրիստոսից մոտ
1500 տարի առաջ: Հովհաննեսի հայտնությունը գրվել է Ք.Հ. 1-ին դարի վերջին: Այս 1600 տարվա ընթացքում են գրվել նաև Աստվածաշնչի
մյուս գրքերը: Կարող է կարծիք ստեղծվել, թե այսքան մեծ ժամանակահատվածում տարբեր անձանց
կողմից ստեղծված գրքերում նկարագրված են միմյանց հետ առնչություն չունեցող իրադարձություններ,
այն էլ տարբեր տեսանկյուններից: Սակայն իրականում պատկերն այլ
է:
Եթե
Աստվածաշնչի «հեղինակները» գրառած լինեին բացառապես սեփական դիտարկումներն ու մտորումներն
Աստծո մասին, ապա գուցե ստացվեր մի հետաքրքիր գիրք, որը, սակայն, զրկված կլիներ իր
առանձնահատուկ նշանակությունից և կլիներ շարքային մի գիրք՝ դրված գրապահարանում շատ
ու շատ այլ գրքերի շարքում:
Սակայն
Աստվածաշունչը գրողները անպայման ընդգծում են, որ իրենք ոչ թե սեփական մտքերն են արտահայտել,
այլ գրառել են այն, ինչ իրենց ասել կամ ցույց է տվել Աստված: Աստվածաշունչն ինքը պարունակում
է իր ստեղծման բանալին. «Ամբողջ Գիրքը Աստծո
շունչն է և օգտակար վարդապետության, հանդիմանելու, ուղղելու և արդարությամբ խրատելու
համար» (Բ Տիմ.3:16): Այսինքն՝ Աստվածաշնչում գրված ամբողջ խոսքը
ներշնչված, ոգեշնչված է Աստծո կողմից:
Սա
է պատճառը, որ Աստվածաշնչի բոլոր գրքերը նվիրված են միևնույն հարցերին. ո՞վ
է Աստվածը, ո՞վ է մարդը, ի՞նչ է ասում Աստված մարդուն:
Հավատացյալներն
ունեն հզոր մի զենք՝ աղոթքը, որի միջոցով կարող են անձամբ համոզվել, որ Աստվածաշնչում
գրված մտքերը ներշնչված են Սուրբ Հոգու կողմից: Նրանք աղոթքի միջոցով հնարավորություն
ունեն դիմելու Աստվածաշնչի իրական Հեղինակին՝
Աստծուն, խդրելով, որ իրենց համար բացի Սուրբ Գրքի իմաստություններն իրենց ամբողջ
խորությամբ:
1 комментарий:
Մերսի շատ պարզ ու մատչելի ներկայացնելու համար
Отправить комментарий