...Բոլոր բաները միասին վերցրած բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահամանության: Հռոմ 8:28

Մեռելոցների աստվածաշնչյան «հիմնավորումները»


Նախնիների նկատմամբ հարգանքը, սերն ու կարոտը հատուկ են մարդուն: Սա առնաձնապես ընդգծված է արևելյան ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի մոտ: Եվ դա բնական է, մարդկային ու հասկանալի:
Աստվածաշնչում նույնպես բազամաթիվ են նախնյաց հիշատակումները, նրանց հավատի ու արդարության փառաբանությունը, նախնիների կյանքում Աստծո մեծամեծ հրաշքների վկայությունները: Ամբողջ Գրքից մեջբերումներ անելու փոխարեն բավական է միայն ընթերցել Եբրայեցիներին ուղղված ուղերձի 11-րդ գլուխը, համոզվելու համար, թե որքան մեծ է հավատավոր նախնիների նկատմամբ ունեցած պատկառանքն ու նրանց հիշելու կարևորությունը հավատի հաստատման ճանապարհին:
Աստվածաշնչում բազմաթիվ են նաև այնպիսի նախնիների մասին հիշատակումները, ում գործերը չար էին Աստծո առաջ: Նրանց կյանքն էլ ողջերի համար յուրօրինակ դաս է, թե ինչպիսին չպետք է լինել:
Սակայն Ամբողջ Սուրբ Գրքում չեմ հիշում մի դեպք կամ դրվագ, որտեղ պարտադրվի գերեզման այցելելը, որքան էլ մեծ լինի ննջեցյալի նկատմամբ հարգանքը: Նման պարտադրանքը բացակայում է և՛ Հին Կտակարանում, մասնավորապես՝ Օրենքում ու պատվիրաններում, և՛ Նոր Կտակարանում: Չկա անգամ հորդոր կամ խորհուրդ: Կա դեպք, երբ կանայք այցելեցին գերեզման՝ օծելու Տիրոջ մարմինը: Սակայն սա եզակի դեպք է, որտեղ չկա պարտադրանք և որը վերաբերվում է ՏԻՐՈՋ գերեզմանին: Եվ անգամ այս դեպքը ավարտվում է «ձախողումով»՝ Տերը հարություն էր առել:
Հայ առաքելական եկեղեցու Տաղավար տոներին (ի դեպ՝ դրանց մի մասն էլ որևէ աղերս չունի Աստվածաշնչի հետ) հաջորդող երկուշաբթի օրերը պետականորեն «Ննջեցյալների հիշատակության օրեր» հայտարարելը հակասական կարծիքների տեղիք է տվել: Եկեղեցու ներկայացուցիչները փորձում են դրանք «հիմնավորել» Աստվածաշնչով: Մասնավորապես, վերջերս emedia.am կայքին տված հարցազրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Իսահակ Վարդապետ Պողոսյանը դրանց համար որպես հիմնավորում, ի թիվս այլոց,  հղում է կատարում Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթի Գ 19 և Դ 1-8 համարներին: Նախ նշենք, որ տվյալ համարները Նոր Կտակարանի թերևս առավել դժվարընկալելի և բազմաթիվ բանավեճերի տեղիք տված համարներն են: Չխորանալով (և դրա բարոյական իրավունքն էլ չունենալով) աստվածաբանական տարբեր մեկնաբանությունների մեջ, նշենք միայն, որ անգամ եթե Հիսուսն Իր «Հոգով գնաց քարոզեց բանտում եղած հոգիներին», ապա դրանից ոչ մի կերպ չի բխում, որ մենք պարտավոր ենք երկուշաբթի օրերը կառավարության որոշմամբ մարմնով այցելել գերեզմաններ, որտեղ ննջեցյալների միայն աճյուններն են, բայց ոչ երբեք՝ հոգիները:
Ուստի այցելել գերեզմաններ՝ ննջեցյալներին Բարի լուրը հասցնելու կամ տոնական ուրախությունը նրանց հետ կիսելու նպատակով, զավեշտալի է:
Վարդապետն իր հոդվածում հղում է կատարում նաև աստվածաշնչյան մի շարք այլ համարների: Ակնհայտորեն այդ հղումները նախատեսված են միայն նրանց համար, ովքեր չեն պատրաստվում «բան ու գործները» թողած Աստվածաշունչ ընթերցել: Որովհետև բոլոր նշված համարներն, առանց բացառության, որևէ կերպ չեն առնչվում ետտոնային մեռելոցներին: Հավանաբար հարգելի վարդապետի նպատակն ուղղակի տպավորություն գործելն է:
Մեծ ճիգերի գնով փորձում եմ խուսափել «մոլորեցնել» բառից և կիրառում եմ «տպավորություն գործել» կապակցությունը: Իսկ իրականում ո՞րն է ավելի ընդունելի, դատեք ինքներդ. Վարդապետն ասում է.«Հին Ուխտի Ղևտական գրքի ԻԲ գլխում կարդում ենք, թե ինչպես ժողովուրդը մինչև խոստացված կամ Ավետյաց երկիրը մտնելը, տաղավար/վրան/ներում էր ապրում և որ հինգ Տաղավարահարաց /որոնք մի քանի օրեր էին տևում/ տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին»: Ղևտացիների գրքի ԻԲ (22) գլխում որևէ տառ անգամ չկա Տաղավարահարաց տոնի մասին: Այդ տոնի մասին Աստված ասում է նույն գրքի հաջորդ՝ ԻԳ (23) գլխում: Կրկնեմ՝ ոչ թե Տաղավարահարաց տոների, այլ տոնի (եզակի թվով) մասին: Այդ գլխում Աստծո կողմից պատվերներ են տրվում բոլոր տոները, այդ թվում՝ Տաղավարահարաց Տոնը անցկացնելու վերաբերյալ: Սակայն չկա ոչ մի ակնարկ անգամ այն մասին, որ «տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին»: Կան այսպիսի տողեր. «Եօթը օր վրանների մէջ կ’ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն, որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց» (Ղև. 23:42-43)։ Սրա հիման վրա պնդել, թե «յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին», թող ընթերցողն ինքը որոշի, տպավորություն գործե՞լ է, թե՞ մոլորեցնել: Ամեն դեպքում՝ սուտ է:
Բացարձակապես մտադրություն չունեմ քննարկելու և առավել ևս՝ քննադատելու գերեզման այցելելու սովորությունն ընդհանրապես: Թյուրըմբռնումներից խուսափելու համար կրկին ընդգծեմ, որ խոսքս միայն վերաբերվում է տոներից հետո գերեզման այցելելու աստվածաշնչյան «հիմնավորումներին» և դրանց հիման վրա պետականորեն «հիշատակ մեռելոց» հաստատելուն:


Իսկ եթե հարգարժան հոգևորականները երբևէ փորձեն պետական մեռելոցների Աստվածաշնչյան նորոնոր «հիմնավորումներ» գտնել, աղաչում եմ, թո՛ղ հիմնավորեն նաև դրանց փոխարեն շաբաթ օրերը աշխատանքային օր հայտարարելու «սրբազան» որոշումը նույնպես: Չէ՞որ ասված է՝ «Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես» Բ Օր. 5:12:
Աշոտ Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий