Մենք ու դուք՝ բոլորս
Աղոթում եմ Աստծուն: Աղոթում եմ հարազատիս համար, որպեսզի ազատվի հարբեցողության
կապանքներից: Աղոթում եմ Հայր Աստծուն, աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, աղոթում
եմ Հոգով:
Փա՜ռք Տիրոջը՝ որոշ ժամանակ անց հարազատս իսպառ հրաժարվում է խմելուց: Ավելին՝
ինձ համար բացարձակապես անսպասելիորեն ապաշխարում է, սկսում է Աստվածաշունչ կարդալ,
եկեղեցի հաճախել, ինքն էլ ուրիշների համար աղոթել:
Ու կրկին հասկանում եմ, որ Տերը «…կարո՛ղ է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և խորհում» Եփես. 3:20:
Ու հանկարծ հայտնվում են մարդիկ՝ քրիստոնյաներ, որ սկսում են պնդել, թե ամեն
բան սխալ է, թե ես մոլորյալ եմ ու քրիստոնյա կոչվելու իրավունք անգամ չունեմ, քանի
որ… մեր եկեղեցում կանայք գլուխները գլխաշորով չեն ծածկում:
Տե՜ր իմ Աստված…
Սա մի օրինակ է միայն: Օրինակները բազմաթիվ են: Միմյանց մեղադրում ենք, «դուրս
ենք գրում» քրիստոնյաների շարքերից, նույնիսկ դժոխքում հավիտյան այրվելուն ենք դատապարտում
միայն այն բանի համար, որ, օրինակ, խաչակնքում են, լեզուներով են աղոթում, եկեղեցում
կանայք խոսում են, մոմ են վառում…
Ու դա էլ քիչ է, միմյանց հռչակում ենք ոչ ավել, ոչ պակաս՝ «սատանայի սպասավորներ»
:
Մարդիկ, իմ քրիստոնյա եղբայրներ ու քույրեր: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ է արդյոք
սատանան լսել Հիսուս Քրիստոսի անունով սրտի խորքից եկած աղոթքը և բարիք կատարել մարդկանց:
Մի՞թե սատանան իր չար բան ու գործը թողած պիտի մարդկանց ազատի ալկոհոլիզմից, բժշկի
անբուժելի հիվանդություններ, ապաշխարության բերի, Աստվածաշունչ կարդալու ցանկություն
առաջացնի, առաջնորդի դեպի եկեղեցի: Ու այս ամենն անի, քանի որ… ոմանք լեզուներով աղոթքի
մասին առաքյալի խոսքերը ճիշտ չեն հասկացել:
Ի՜նչ լավ կարծիքի են այսպես մտածողները սատանայի մասին:
Ես նոր եմ հասկացել, բայց դուք վաղուց գիտեք, որ քրիստոնեությունը գլխաշոր ծածկել-չծածկելը
չէ, հոգևորականի սափրվել-մորուք պահելը չէ, մոմ վառել-չվառելը չէ…
Հիվանդները բժշկվում են, ոչ թե մեռնում հիվանդությունից, հարբեցողները հրաժարվում
են հարբելուց, ոչ թե մեռնում լյարդի քայքայումից, աղքատները աշխատանք են գտնում, ոչ
թե մեռնում սովից: Տարբեր քրիստոնեական եկեղեցիներում այս ամենը կատարվում է Աստծո
կամքով: Թող այս ամենից հետո ոմանք «սխալ քրիստոնյա» համարեն նրանց, ովքեր ընդունում
են լեզուներով աղոթքի պարգևը, հոգ չէ:
Եթե մարդ հավատում է Հիսուս Քրիստոսի փառավոր անվանը, թողե՛ք, որ հավատա: Կարիք
կա՞ արդյոք, որ հավատացյալի ուշադրությունը Հիմնականից՝ Հիսուս Քրիստոսից, շեղենք դեպի
անվերջանալի բանավեճերը, «ճիշտ ու սխալ» մեկնաբանությունները,
գլխաշորերը, մոմերը, սրբապատկերները, հանդերձները: Կարիք կա՞ արդյոք, որ մարդկանց հավատն
ապականենք անմիտ կասկածներով: Գիտենք, որ ինչպես Աստծո Խոսքն է մարդու սրտում ցանված
սերմ, այդպես էլ սերմ է նաև կասկածը: Ու եթե Խոսքի սերմը բարի պտուղ է բերում, ապա
կասկածի պտուղները չար են:
Իհարկե, գոյություն ունեն էական սկզբունքներ, որոնք պարտադիր են բոլոր քրիստոնյաների
համար: Գոյություն ունեն աստվածային պատգամներ: Գոյություն ունի նաև մեղք: Թող Աստված
ազատի մեզ մեղքից, չէ՞ որ միմյանց դատելն ու դատապարտելն էլ մեղք է.
Իրար վրա միևնույն խորհուրդը ունեցեք. բարձր բաները մի խորհեք. Այլ խոնարհների հետ խոնարհվեցեք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք։ Հռոմ.12:16
Թող Աստված մեզ իմաստություն տա՝ Իր իմաստությունը, որպեսզի կարողանանք հասկանալ
առաջին հերթին ոչ թե ուրիշի, այլ սեփական մոլորությունները, Թող Աստված մեզ այդ մոլորություններից
շուտափույթ ազատվելու կամք ու վճռկանություն տա:
Ուրեմն, Նրան, որ կարո՛ղ է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և խորհում, ըստ այն զորութեան, որ գործում է մեր մէջ, Նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր ժամանակներում, Հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Եփես. 3:20.21
Комментариев нет:
Отправить комментарий