Երկրային դժոխքը: Իրական պատմություն իրական անուններով
Մինչև
1988-ի երկրաշարժը Աշոտն ինքն իրեն աթեիստ էր համարում: Վիճում էր հավատացյալների հետ,
ծաղրում նրանց «միջնադարյան խավար» մտածելակերպը:
Սովորում
էր Պոլիտեխնիկի ասպիրանտուրայում, նաև արդեն դասավանդում էր: 88-ի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժից երկու ժամ չանցած, շատերի նման մեկնեց Գյումրի (այն ժամանակ՝
Լենինական): Այնտեղ ինքն ու ընկերը կորցրին ֆակուլտետի մյուս տղաներին: Ստիպված էին
ավերված քաղաքով մեկ փնտրել նրանց: Քայլում էին քաղաքով ու ամեն քայլափոխի տեսնում
էին նոր ավերակներ, դիակներ, մարդկային անսահման վիշտ...
Լենինականից
Աշոտը վերադարձավ հավատացյալ դարձած: Մինչև այժմ դժվարանում է բացատրել, թե ինչ կատարվեց
իր հետ Լենինականում, բայց մի բան հաստատ է՝ անհավատության պատը փլվել էր:
– Տեսնելով
հողին հավասարված տները, շինարարական աղբի վերածված
բարձրահարկ շենքերը, այլանդակված դիակների առատությունը, ես հասկացա,
կամ, ավելի ճիշտ՝ զգացի, որ գոյություն ունի վերին անհաղթահարելի ուժ՝ Աստված,–պատմում
է Աշոտը:– Թվում էր, թե հակառակը պետք է տեղի ունենար. հավատացյալները, տեսնելով ահավոր
ավերածությունները, պետք է հրաժարվեին հավատալուց, բայց ինձ հետ կատարվեց ճիշտ հակառակը՝
ես դարձա հավատացյալ:
Դարձավ հավատացյալ
և սկսեց փնտրել Աստծուն: Բայց ավաղ, փնտրում էր այնտեղ, որտեղ Նա չկար: Սկզբում, բնականաբար,
սկսեց հաճախել եկեղեցի: Մկրտվեց:
Ինքը դարձավ ուրիշների կնքահայր: Անգամ ձեռք բերեց քահանա ընկեր: Սակայն ոչ
ոք նրան չբացատրեց, թե ինչ
է մկրտությունը, ինչ է ապաշխարությունը,
ով է Աստված, ով է Հիսուսը, ինչ է արել Նա մարդկանց համար, ինչ է նշանակում՝
լինել քրիստոնյա, ինչու ենք մենք՝ հայերս, քրիստոնյա:
Հոգևոր
քաղցը «բավարարվեց» այլ ճանապարհով: Մի ընկեր ուներ՝ կրիշնա-գիտակցության ներկայացուցիչ,
անունը Արմեն (նա հետագայում ինքնասպան եղավ): Արմենը սկսեց Աշոտին մատակարարել հնդկական կրոնա-փիլիսոփայական գրականություն: Հետո աստիճանաբար անցավ այլ արևելյան ուսմունքների:
– Սկսեցի կարդալ հնդկական, չինական, տիբեթյան,
հետո՝ եվրոպական օկուլտիստական, մեքսիկական, մոգական և շատ
ու շատ այլ «...ական» գրքեր: Ճիշտ
է, կարդացի նաև Նոր Կտակարանը և Հնի մի մասը, բայց էությունը չընկալեցի:
Աշոտի
կողքին չկար մեկը, որ պարզաբաներ, ուղղորդեր նրան Աստծո խոսքի էությունը ճիշտ ըմբռնելու համար:
– Ծանոթացա աշխարհի շատ կրոնների և ուսմունքների հետ: Ու ինձ թվում էր,
թե հանգել եմ մի «հանճարեղ» եզրակացության՝ Աստված
նույնն է բոլոր կրոններում և բոլորովին էական չէ, թե ինչ կրոն ես դավանում: Էականը
հավատալն է: Սա եղավ հենց այն ճակատագրական սխալ եզրակացությունը, որի պտուղները ես դեռ պիտի ճաշակեի:
Ապրում
էր ակտիվ կյանքով: «Սպիտակ» փրկարարական
ջոկատի անդամ էր: Ամուսնացել էր:
Երեք երեխաների հայր էր: Ինստիտուտում հասել էր դեկանի տեղակալի պաշտոնին, ուսանողները
սիրում էին: «Ուտող-խմող, ասող-խոսող տղա» էր՝
մեծ շրջապատով: Փողի պակաս չուներ: Որոշ
ռեստորաններում անունով էին ճանաչում: Անսթափ վիճակում աշխատանքից տուն վերադառնալը աստիճանաբար սովորություն էր դարձել:
Արմենն
Աշոտին համոզել էր (և
Աշոտն ինքն էլ համոզվել էր իր կարդացած գրքերով), որ եթե մտավորականն իր ընտանիքը պահելու համար մեղք է գործում,
ապա այդ մեղքն ամբողջությամբ ընկնում է երկրի իշխանավորների վրա: Այսպիսով, Աշոտը,
լինելով «հավատացյալ», ընկղմվում էր մեղքի ճահիճը: Ու
իրեն թվում էր, թե դրանով վրեժխնդիր է լինում
երկրի իշխանավորներից:
Սակայն
իր հայրենիքը սիրում էր: Սիրտը ցավում էր տեսնելով շատ հայրենակիցների ընչազուրկ վիճակը, անարդարությունները,
արտագաղթը...: Համոզված էր, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություներ: Մարդկանց խմբերը, որ
կրում են «կուսակցություն» անվանումը, Աշոտը
տանել չէր կարող: Բայց գիտեր, որ
առանց գաղափարախոսության էլ անհնար են լուրջ փոփոխությունները: Եվ ընտրեց իր տեսակետից միակ «ճիշտը»՝ ազգային
գաղափարախոսությունը: Եվ որպես դրա ապացույց 2008 թվականի ամռանը՝ Վարդավառի օրը Գառնու տաճարում ինքը, կինը և ավագ
դուստրը օծվեցին
որպես... հեթանոս՝ հայ արիացի:
– Իմ գիտակցության մեջ արմատացած կեղծ գաղափարներից մեկն էլ այն էր, որ Աստված (հիմա արդեն Հայր Արան) իրեն հավատացողներին աջակցում է բոլոր
հարցերում՝ այդ թվում նույնիսկ մեղք գործելիս: Հենց այս «սկզբունքն»
էլ պատճառ դարձավ, որ «գեղեցիկ կյանքի» որոնումների արդյունքում հայտնվեցի... Իրանի
բանտում:
Առաջին
ամիսներն անտանելի էին: Պարսկերեն չգիտեր, բարքերին
ծանոթ չէր, ապագան անորոշ էր:
Իրեն տեղավորել էին մահապարտների բաժանմունքում: Ամեն շաբաթ մի քանի հոգու տանում էին կախելու: Աշոտը դժկամությամբ է խոսում այդ օրերին իր ունեցած ապրումների մասին: Գերադասում է չհիշել:
– Հոգուս խորքում համոզված էի, որ միայն Աստված ինձ կարող է փրկել
այդ դժոխքից: «Աղոթում էի»:
Հայր մերից հետո դիմում էի Հայր Արային, հետո կրկնում էի՝ Հարե Կրիշնա, հետո
նույնիսկ՝ բեսմելլահ ալ ռահման ալ ռահիմ, միամտորեն կարծելով, թե
իրենց երկրում եմ, գուցե Աստված այդ լեզվով ինձ կլսի: Երբեմն
մտքումս կռվում էի Աստծո հետ: Կռվեցի, կռվեցի
և ի վերջո՝ Աստծուց բոլորովին «խռովեցի»:
Աստիճանաբար
սովորեց պարսկերեն: Դարձավ բանտային նվագախմբի կիթառահարը: Չորս ամսից ավելի մահապարտների բաժանմունքում պահելուց հետո տեղափոխեցին համեմատաբար բարվոք բաժանմունք: Ընտանիքի հետ հեռախոսով կարողանում էր խոսել օրական երկու, երեք
րոպե: Երբեմն, հաշվի առնելով, որ
բանտի կիթառահարն է, թույլ էին տալիս խոսել յոթ-ութ
րոպե:
Մի
օր էլ կինը՝ Մարինեն, այդ րոպեների ընթացքում հասցրեց ասել.
– Աշոտ ջան, շատ եմ խնդրում, հրաժարվիր
Գառնու մկրտությունից, ներողություն խնդրիր Հիսուսից ու նա կների: Միայն
Հիսուսը կարող է քեզ ազատել այդտեղից:
– Աշոտին բռնելու լուրն ստանալուց հետո հայտնվել էի անելանելի վիճակում: Մի կողմից երեք երեխաների հոգսը, մյուս
կողմից՝ ամուսնուս անորոշ վիճակը: Փառք Աստծո, որ
չխելագարվեցի: Մի օր աշխատակցուհիներիցս մեկը՝ Նունեն, տեսնելով իմ ահավոր ընկճված վիճակը, առաջարկեց
իր մոտեցումը. «Ընդունիր Հիսուսին որպես Տեր և Փրկիչ,
և Նա կլուծի քո բոլոր խնդիրները»:
Սկզբում
Մարինեն թերահավատությամբ ընկալեց առաջարկը: Բայց այլընտրանք չուներ: Հանդիպեց
նաև Նունեի հավատացյալ ընկերուհիների հետ՝ Ավետարանական հավատի եկեղեցիներից մեկից, զրուցեց, ապաշխարեց, ընդունեց
Հիսուսին որպես Տեր և Փրկիչ և ստացավ խոստացված հանգստությունը: Ամբողջ եկեղեցին Մարինեյի հետ սկսեցին աղոթել Աշոտի համար:
Լսելով
կնոջ հորդորներն ու աղերսանքը, Աշոտի առաջին հարցը եղավ.
–Մարինե, հո աղանդավոր չե՞ս դարձել: Հո
Եհովայի վկա չե՞ս դարձել:
Բայց
աստիճանաբար տեղի տվեց և որոշեց «հաշտվել» Աստծո
հետ: Սկզբում երկչոտ, հետո ավելի ու ավելի համարձակ նա սկսեց Աստծուց ներողություն խնդրել իր մոլորությունների համար, հրաժարվեց
հեթանոսական «մկրտությունից»:
Բանտում
կար մի թուրք պաշտոնյա: Աշոտին, որպես
հայի, տեղափոխեց մի ահավոր բաժանմունք՝ նեգրերի և աֆղանների մոտ:
– Եթե ֆիլմերում տեսնեք նման պայմաններ, չեք հավատա: Անտանելի
կեղտոտ, գարշահոտ ու զզվելի միջավայր էր, – հիշում է Աշոտը:
Դիտավորյալ
տեղավորեցին զուգարանի պատի մոտ՝ հատակին: Երբեմն հուսահատությունը հասնում էր անգամ
ինքնասպանության մասին մտքերի:
Բայց
չկա չարիք առանց բարիքի: Բաժանմունքը ոստիկանության սենյակի հետ կապված էր միայն բակի միջոցով, այդ
պատճառով բակի դուռը գիշերները չէին փակում և այստեղ հնարավոր էր երեկոյան մութն ընկնելուց հետո մեկ երկու ժամ մնալ բաց երկնքի տակ: Մյուս բաժանմունքներում դա անհնար էր՝
բակի դռները փակվում էին: Այստեղ
նույնպես արգելված էր, բայց Աշոտին ներքին կարգով, որպես հարևան երկրի քաղաքացի և որպես կիթառահար
թույլ էին տալիս: Իրանի բանտարկյալի համար գիշերը
գլխավերևում աստղազարդ երկինք տեսնելը մեծ երջանկություն էր:
– Մի օր քայլում էի բակում, նայում աստղային երկնքին ու մտքումս խոսում Աստծո հետ: Ավելի ճիշտ՝ կռվում էի: Տեր Աստվա՜ծ,–կանչում էի լացակումած,– Դու ասում ես,
թե ով թակի՝ պիտի բացվի, ով խնդրի՝ պիտի տրվի: Ես
թակում եմ, ինչու՞ չես բացում, խնդրում
եմ, ինչու՞ չես տալիս: Տե՜ր, Դու
անառակ որդու վերադարձի առակն ես պատմում: Համարիր ինձ Քո անառակ որդին: Վերադարձել
եմ, ինչու՞ չես ընդունում:
– Ու հանկարծ,–շարունակում է Աշոտը,–
մի այնպիսի աստվածային համոզմունք իջավ ինձ վրա, որ կարծես Աստված ասում էր.
«Ի՜նչ ես իրար անցել, ո՞վ ասաց, թե
չեմ ընդունում, ընդունել եմ:
Ես Աստված եմ, ինչպե՞ս կարող եմ չկատարել իմ իսկ տված խոստումը: Հանգստացիր,
արդեն ընդունել եմ, արդեն դու Իմ զավակն ես»...
Երկու-երեք օր հետո Աշոտին կրկին տեղափոխեցին իր հին բաժանմունքը՝ նվագախմբի նույնպես թուրք գեղարվեստական ղեկավարի ջանքերով:
Ձերբակալությունից տաս
ամիս հետո միայն Մարինեն կարողացավ գնալ Իրան և այցելել ամուսնուն: Հայաստանից ամուսնու համար տարած միակ բանը Նոր Կտակարանն էր՝ սաղմոսների հետ և երեխաների
նկարները: Տեսակցություն թույլատրեցին միայն ապակու ետևից:
Աստծո
հրաշքով, ներքին կարգով Գիրքը վերցրին Մարինեից և փոխանցեցին Աշոտին: Առավել զարմանալի էր,
որ դա արեցին հենց բանտապետի հրահանգով: Այդ օրերին ինչ-որ
համաճարակի պատճառով դրսից ընդհանրապես որևէ իր բանտ տանելը խստիվ արգելված էր: Իսկ հաշվի առնելով նաև քրիստոնեության և քրիստոնյաների նկատմամբ
իրանցիների դաժան վերաբերմունքը, սա աներևակայելի դեպք էր,
անհավանական, հրաշք:
– Դրանից հետո մեր հեռախոսազրույցները լսողները կկարծեին, թե խելքներս թռցրել ենք,–ծիծաղելով
հիշում է Մարինեն:–Փոխանակ խոսեինք երեխաներից կամ ազատվելու հնարավորություններից, ես արագ-արագ
ասում էի. Աշոտ, այսինչ
սաղմոսը կկարդաս, ինքն էլ պատասխանում էր՝ կարդացել եմ,
շատ լավն է, դու էլ Հռոմեացիների այնինչ համարը կարդա:
Բանտում
կարդում էր Ավետարանը և նույնիսկ
իր ջարդոտված պարսկերենով բանտակիցներին քարոզում իր կրոնի առավելությունները իսլամի նկատմամբ: Մի քանի հոգի երանությամբ լսում էին ու վախվորած շուրջբոլորը նայելով ասում՝ քիչ է մնում
համոզես ես էլ քո կրոնն ընդունեմ: Իսկ քանի-քանիսն
էլ զգուշացնում էին. զգույշ մնա, քրիստոնեություն քարոզելու
համար քեզ կկախեն:
Այդպիսի վտանգ իսկապես կար: Բայց, փառք
Տիրոջը, չկախեցին:
Աշոտը
չէր կորցնում ազատության հույսը: Փորձում էր գտնել բանտից դուրս գալու որևէ ճանապարհ: Դիմել
էր Հայաստանի դեսպանին՝ ապարդյուն, դիմել էր Իրանի իշխանություններին՝ ապարդյուն, դիմել էր Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի հոգևոր առաջնորդարան՝ անտարբերություն:
Հարց
ու փորձ անելով գտավ օրենքը շրջանցելով բանտից ազատվելու մի ձև: Գտավ նաև մարդիկ, որ
պատրաստ էին համապատասխան գումարի դիմաց իրականացնել այդ գործը: Թվում էր,
թե ամեն բան մտածված ու նախատեսված է:
Ամեն
անգամ գործարքն իրականացնելուց առաջ Աշոտն աղոթում էր. Տեր, ես
գիտեմ, որ այս ձևը կեղծիք է, բայց Դու Աստված ես,
Քեզ համար անհնար ոչինչ չկա, խնդրում եմ,
այնպես արա, որ ստացվի:
Բայց
չէր ստացվում ու չէր ստացվում: Բանը հասավ նրան, որ
քիչ էր մնում երկու-երեք հոգու ձերբակալեին պետությանը խաբելու փորձի համար: Դրանով
այս տարբերակի հույսը ամբողջությամբ հօդս ցնդեց: Բայց, այ
քեզ զարմանք, դրան հաջորդեց ոչ թե հուսալքությունը, այլ ընդհակառակը՝ հանգստությունն իջավ և՛ Աշոտի, և՛
Մարինեի վրա:
– Աշոտ ջան, համոզված եղիր, Աստծո
հրաշքով ես դուրս գալու,– հեռախոսով հաճախ կրկնում էր Մարինեն:
Եվ
հրաշքը կատարվեց:
Բանտի
սոցիալական ոլորտի աշխատակիցներից մեկն այցելեց նվագախմբի փորձերի սենյակ և Աշոտի նվագելը նրան դուր եկավ: Ստեղծվեցին ընկերական հարաբերություններ: Մի օր էլ Աշոտը խնդրեց նրան համակարգչում նայել իր գործը, և
կատարվեց անսպասելին: Աշխատակիցն ասաց, որ
գործում տեղի է ունեցել փոփոխություն: Միայն որոշ տուգանք մուծելով Աշոտը կարող էր ազատվել: Այդ
մասին Աշոտին դեռ ոչ ոք չէր տեղեկացրել:
Մեկ
և կես տարուց ի վեր Աշոտի ընտանիքում նման երջանիկ օր չէր եղել:
Հարկավոր
էր մոտ երեք հազար դոլար: Մարինեն դիմեց բոլոր հարազատներին, ընկերներին, բարեկամներին, բոլոր-բոլորին:
Փառք Աստծո, գտնվեցին բարի մարդիկ: Մի
մասը պարտքով, մի մասն անվերադարձ, գումարը հավաքվեց:
Աշոտին
ազատեցին իր հիսունամյակի օրը:
Ընդհանուր
առմամբ Աշոտը իրանի բանտում անցկացրեց մեկ տարի, ութ ամիս և չորս
օր: Հիմա Աշոտը հաճախում է Երևանի Ավետարանական հավատի եկեղեցիներից մեկը: Ապաշխարել
է ինքը և ամբողջ ընտանիքը:
Երեխաների
ապաշխարության պատճառ են եղել նույնպես հրաշքները: Յուրաքանչյուրը դեպի Աստծուն է դարձել
յուրովի և յուրաքանչյուրի պատմությունն առանձին հզոր վկայության
նյութ է:
Երբ
մտերիմները կարեկցական հայացքով, խորհրդավոր նրբանկատությամբ հիշեցնում են բանտում քաշած ծանր օրերը, անչափ
զարմանում են պատասխանից.
– Փառք եմ տալիս Աստծում, որ ես ընկա այդ դժոխքը: Աստված
ցույց տվեց ինձ երկրային դժոխքը, որ խելքս գլուխս հավաքեմ և արժանանամ
երկնային դրախտին, ոչ թե իրական դժոխքին: Եթե
ինձ հետ այդ արկածները չպատահեին, ես դեռ նույն անհավատը մնացած կլինեի ու կշարունակի ընկղմվել մեղքի մեջ: Իսկ
մեղքի վարձը մահն է...
Եվ
մեջբերում է մարգարեի խոսքը. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ
վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։ Ահա Աստուածն իմ եւ
փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն
է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար» (Եսայի 12:1,2)։
Մոգության,
յոգայի, օկուլտիզմի, հեթանոսության մասին լսել անգամ չի ուզում: Անկեղծորեն
կարեկցում է նման հակաքրիստոնեական «ուսմունքներով» զբաղվողներին:
Ցավ
է զգում նաև իր մտերիմներից նրանց մտայնության համար, ովքեր պնդում են, թե
իբր «ես իմ աստվածն ունեմ և իմ սրտում իմ ձևով հավատում եմ նրան, ի՞նչ պարտադիր է,
որ Աստվածաշունչ կարդամ կամ եկեղեցի հաճախեմ»: Հիշեցնում է իր
պատմությունը ու աղերսում, որ իր դառը փորձը դաս լինի իրենց համար: Խնդրում
է բոլորին ընդունել մի պարզ, բայց հանրահայտ ճշմարտություն. առանց աստվածային գիտելիքի հավատը կարող
է վերածվել մոլորության,
որը տանում է դեպի կորուստ: Իսկ աստվածային միակ ճշմարիտ գիտելիքի աղբյուրն ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ է: