...Բոլոր բաները միասին վերցրած բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահամանության: Հռոմ 8:28

Ե՛վ ուղղափառ, և՛ կաթոլիկ, և՛ բողոքական եկեղեցիներն ընդունում են Ավետարանը: Այդ դեպքում ինչու՞ են նրանք տարբեր



Այս հարցին պատասխանելու համար նախ հարկավոր է կողմնորոշվել, թե ի՞նչ է ընդհանրապես Ավետարանը և ի՞նչ է քրիստոնեական հավատը: Ավետարանը Աստվածաշնչի մի մասն է, որը նկարագրում է Հիսուս Քրիստոսի կյանքը, վարդապետությունը (ուսուցումը), մահն ու հարությունը: Ավետարանը Բարի Լուրն է այն մասին, որ.

  • Հիսուս Քրիստոսը Աստված է, Տերն է և Փրկիչը,
  • Հիսուս Քրիստոսը մահացել է մեր փոխարեն՝ մեր մեղքերի համար և հարություն է առել մեր փրկության համար,
  • Հիսուսի խաչելության շնորհիվ մեզ հնարավորություն է տրվել արժանանալ մեղքերի թողության և հավիտենական կյանքի,
  • Մենք կարժանանանք մեղքերի թողության և հավիտենական կյանքի, եթե հավատանք և ապաշխարենք:
Թեև Եկեղեցին սփռված է աշխարհով մեկ, բայց ընդունում է միակ Ամենակալ Հայր Աստծուն, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, միակ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, որ մարմնով եկավ, մեռավ և հարություն առավ մեր փրկության համար և Սուրբ Հոգուն՝ որ խոսեց մարգարեների և առաքյալների շուրթերով և որ այցելում է մեզ որպես մխիթարիչ և բարեխոս: Այսինքն, բոլոր քրիստոնյաները անվերապահորեն ընդունում են Սուրբ Երրորդությունը:
Այսպիսին է քրիստոնեական հավատը, որ ընդհանուր է բոլոր քրիստոնյաների համար: Ինչպես տեսնում ենք, քրիստոնեական հավատը պայմանավորված չէ նրանով, թե արդյոք ընդունու՞մ ենք Հռոմի Պապին, թե՞ ոչ, արդյոք եկեղեցու ծառայողը պետք է լինի մորուքո՞վ, թե՞ սափրված, խաչակնքել պետք է աջի՞ց ձախ, թե՞ ձախից աջ և այլն: Քրիստոնյաներին բաժանող հարցերը վերաբերվում են ոչ թե հավատի էությանն, այլ միայն նրա արտաքին դրսևորմանը և աստվածաբանական մեկնաբանություններին:
Նշենք միայն, որ Կաթոլիկ և Ուղղափառ (նաև Հայ Առաքելական) եկեղեցիները որպես հավատի հիմք ընդունում են Աստվածաշունչը և Սրբազան Ավանդույթը: Ընդ որում, Սրբազան Ավանդույթը տարբեր է կաթոլիկների, ուղղափառների և առաքելականնների համար: Հենց այդ տարբերություններն էլ պայմանավորել են նրանց առանձնացումը:
Ավետարանական, բողոքական ընտանիքի եկեղեցիները զերծ են մնում որևէ ավանդույթ որպես հավատի հիմք ընդունելուց, առավել ևս, եթե այդ ավանդույթը չի բխում Աստվածաշնչից:
Ավելացնենք նաև, որ անկախ եկեղեցական պատկանելությունից, քրիստոնյայի համար առաջնային է և շատ կարևոր քրիստոնեական սեր, հարգանք և հանդուրժողականություն դրսևորելը այլ եկեղեցիների նկատմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий