Ի՞նչ է հավատը
(Կազմված է համացանցի մի շարք նյութերի հիման վրա):
1. հավատալ ինչ-որ լուրերի, ինչ-որ խոսքերի, և
2. հավատալ ինչ-որ մեկին, վստահել նրան:
Քրիստոնեական
հավատքում հավատալ բառի այս երկու նշանակությունն
էլ առկա են. Քրիստոնյաները հավատում են Աստծո Խոսքին՝ Աստվածաշնչին և վստահում են,
հավատում են Աստծուն՝ որպես անձնավորության:
Ոչ
քրիստոնեական հավատքների ներկայացուցիչները կամ աթեիստները կարող են հարգանք դրսևորել
Հիսուս Քրիստոսի նկատմամբ, ընդունել Նրա բարոյական մեծությունը: Սակայն քրիստոնյաների
տարբերությունը նրանցից հենց այն է, որ քրիստոնյաները Հիսուսին ընդունում են որպես
Աստծո: Ոչ թե որպես մեծ ուսուցչի, որպես
մարգարեի կամ Աստծո առաքյալի, այլ հենց որպես Աստծո: Քրիստոնյաները դավանում են, որ
Հիսուսը ոչ միայն մարդ է, այլ, առաջին հերթին, Աստված: Նրա խոսքը Աստծո խոսք է, Նրա խոստումներն ու նախազգուշացումները՝
Աստծո խոստումներ և նախազգուշացումներ, Նրա գործերը՝ Աստծո գործեր: Իսկ եթե ընդունում
ենք, որ Հիսուս Աստված է, ապա ընդունում ենք նաև Նրան վստահելու, հավատալու և հնազանդվելու
որոշում:
Այլ
կերպ ասած՝ հավատալ, նշանակում է ընդունակ լինել առաջնորդվելու ոչ թե սեփական զգացողություններով,
նախապաշարմունքներով և հասկացություններով, որոնք ձեռք են բերվել շրջապատից, այլ Աստծո
խոսքով, որը չի կարող ստել:
Աստվածաշունչն ասում է.
«Հավատը հուսացած բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը» (Եբր.11:1):
Կյանքում
հաճախ են պատահում իրավիճակներ, երբ մենք հավատում ենք մարդկանց խոսքին, գրածին: Մենք
հավատում ենք, օրինակ, որ Հովհ. Թումանյանը ծնվել է Դսեղում: Մենք նրա ծննդյան պահին
ներկա չենք եղել, բայց հավատում ենք նրա ժամանակակիցների վկայությանը: Մենք հավատում
ենք նաև, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել: Մենք հավատում ենք դրան այն մարդկանց
վկայությունների հիման վրա, որոնք Հիսուսին տեսել են հարությունից հետո:
Հաճախ
մենք հավատում ենք տարբեր մասնագետների և առաջնորդվում ենք նրանց խորհուրդներով: Երբ
համակարգիչը խափանվում է, զանգում ենք մասնագետին: Նա մեզ ասում է, թե որ կոճակը սեղմել,
ինչպես վարվել այս կամ այն գրառումը
էկրանին հայտնվելիս: Բժշկին դիմելիս առաջնորդվում ենք նրա նշանակումներով:
Թեև ինքներս բժշկությունից
քիչ բան ենք հասկանում, բայց
հավատում ենք, որ բժշկի խորհուրդները կատարելով մեր առողջությունը կվերականգնվի: Մենք առաջնորդվում ենք համակարգչի մասնագետի
կամ բժշկի խոսքերով, որովհետև վստահում ենք, հավատում են նրանց:
Հավատալ
Աստծուն նույնպես նշանակում է վստահել Նրան, հավատալ Նրա խոսքին, առաջնորդվել նրա խորհուրդներով:
Ի տարբերություն տարբեր մասնագետների, Աստված չի կարող սխալվել, առավել ևս՝ չի կարող
ստել:
Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա:
Մի՞թե կասի ու չի անի կամ կխոսի ու չի՞ կատարի: (Թվ.23:19)
Մենք
հավատում ենք, որ Աստված ճշմարիտ է, նրա խոսքը՝ ճշմարտություն, նրա պատգամները՝ արդարություն
և անհրաժեշտություն:
Երբեմն
մարդիկ ասում են. այսինչ եկեղեցին այցելելիս այնպե՜ս հանգստանում եմ, Աստվածունչը բարձիս տակ դնելու
դեպքում այնպե՜ս հանգիստ
եմ քնում: Կամ՝ հակառակը. ես ոչինչ չեմ զգում Աստվածաշունչը կարդալիս կամ եկեղեցի այցելելիս,
ուրեմն ես չեմ կարող հավատալ:
Միանգամից
ասենք՝ հավատը զգացողությունների համախումբ չէ: Հավատն առաջին հերթին համոզմունք
է: Հավատալու համար պետք չէ սպասել, թե անմիջապես ինչ-որ բան է կատարվելու նյարդային
համակարգի հետ, կամ փոխվելու է մեր զգայարանների վիճակը: Հավատը կարող է ուղեկցվել
այդպիսի զգացումներով, սակայն հավատալ՝ նախ և առաջ նշանակում է որոշում կայացնել, կամային
վճռական որոշում. Մենք հավատում ենք Աստծուն,
մենք փոխում ենք մեր կյանքը Նրա խոսքին համապատասխան, հրաժարվում ենք այն ամենից, ինչը
հաճելի չէ Նրան: Միանում ենք Նրա եկեղեցուն և մեզ տրված ազատ կամքով որոշում ենք կայացնում
առաջնորդվել Նրա խոսքով և կատարել Նրա պատգամները:
Աստվածաշունչը
գիրք է, նախատեսված կարդալու, ոչ թե բարձի տակ կամ սպասքապահարանում գեղեցիկ շրջանակի մեջ պահելու համար: Եկեղեցի այցելում են առաջին հերթին Աստծո խոսքը
լսելու, աղոթելու և Աստծուն փառաբանելու համար: Իսկ կարդալու և աղոթելու արդյունքում
կարող են նաև նյարդերը հանգստանալ և կատարվել ուրիշ շատ ու շատ հրաշքներ:
Комментариев нет:
Отправить комментарий