Ի՞նչ է
քրիստոնեությունը
և
ինչի՞ն
են
հավատում քրիստոնյաները
Քրիստոնեությունը հավատ է: Քրիստոնյաները հավատում
են, որ երկու հազարամյակ առաջ Աստված եկավ երկիր: Նա ծնվեց որպես մարդ, ստացավ Հիսուս
անունը: Ապրեց որպես մարդ, քարոզեց, չարչարվեց, խաչվեց, մեռավ, հարություն
առավ: Նրա մահն ու հարությունը փոխեցին ամբողջ մարդկության ճակատագիրը: Նրա քարոզները նոր քաղաքակրթության հիմքը դրեցին:
Քրիստոնյաները հավատում
են, որ հավիտենական Աստված է աշխարհն արարել, արարել է առանց
չարիքի: Մարդուն նույնպես արարել է Աստված, արարել է կատարյալ,
առանց մեղքի: Մարդուն Աստված օժտել է լիակատար
ազատությամբ: Բայց մարդն օգտվելով իր ազատությունից, դեռևս դրախտում տրվեց սատանայի գայթակղությանը և թույլ
տվեց այնպիսի արարք, որ փոխեց մարդկության ճակատագիրը:
Սատանան
Աստծո հրեշտակներից մեկն էր, ում սրտում էր ծնվել
մեղքը և ով ապստամբել
էր Աստծո կամքի դեմ: Մարդը տրվեց սատանայի գայթակղությանը և ինքն էլ խախտեց Աստծո օրենքը: Մարդը մեղք գործեց: Նա
ուզեց ինքն էլ դառնալ «Աստծո նման»: Դրա
հետևանքով փոխվեց մարդու բնույթը: Մարդը կորցրեց իր անմահ էությունը և դարձավ
խոցելի տառապանքների, հիվանդության և մահվան
նկատմամբ: Աշխարհ մտավ նախածին մեղքը, որը փոխանցվում է սերնդից
սերունդ: Մարդու և Աստծո միջև անդունդ գոյացավ:
Մարդուն
ճշմարիտ ուղու վերադարձնելու համար Աստված պետք անձամբ հայտնվեր մարդուն: Հազարամյակներ շարունակ մարդը սպասում էր Փրկչին՝ Աստծո մարմնավորմանը: Նա պետք է մաքրեր աշխարհը չարիքից և ազատեր
մարդուն մեղքի ստրկությունից:
Եվ
Աստված երկիր ուղարկեց Իր Որդուն` Հիսուսին: Տառապանքներով և խաչի վրա Իր մահով
Հիսուսը քավեց ամբողջ մարդկության նախածին մեղքը: Հիսուսի հարությամբ կյանքը հաղթեց մահվանը: Մահվանը
հաղթեց Ինքը՝ Հիսուսը: Հիսուսը մարդուն հաշտեցրեց Աստծո հետ:
Աստված մարդացավ,
որպեսզի մարդն Աստվածանա:
Սկսվեց Նոր Ուխտի՝
Սիրո դարաշրջանը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ,
որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք» (Հովհ. 13:34)։
Քրիստոնյաները գիտեն,
որ ոչ ոք չի կարող վաստակել փրկությունն ինքնուրույն՝ բարի գործեր կատարելով: Փրկությունը
տրվեց ոչ որպես վարձատրություն բարի գործերի դիմաց: Փրկությունը տրվեց որպես ընծա,
որպես շնորհ. «Աստված այնպես սիրեց աշխարհը,
որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք
ունենա» (Հովհ.3:16): Փրկությանն արժանանալու համար մարդուն անհրաժեշտ է ընդամենը
հավատալ Հիսուսի սխրանքին. «Եթե բերանովդ Հիսուսին
Տեր դավանես և սրտումդ հավատաս, թէ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես»
(Հռոմ. 10:9):
Քրիստոնյաները հավատում են Միակ
Աստծուն՝ Արաչին, Հորը, միակ Որդուն՝ Փրկչին, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն՝ Բարեխոսին
և Մխիթարիչին: Եվ այս երեքի անունն է ԱՍՏՎԱԾ:
Комментариев нет:
Отправить комментарий