...Բոլոր բաները միասին վերցրած բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահամանության: Հռոմ 8:28

Մեռելոցների աստվածաշնչյան «հիմնավորումները»


Նախնիների նկատմամբ հարգանքը, սերն ու կարոտը հատուկ են մարդուն: Սա առնաձնապես ընդգծված է արևելյան ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի մոտ: Եվ դա բնական է, մարդկային ու հասկանալի:
Աստվածաշնչում նույնպես բազամաթիվ են նախնյաց հիշատակումները, նրանց հավատի ու արդարության փառաբանությունը, նախնիների կյանքում Աստծո մեծամեծ հրաշքների վկայությունները: Ամբողջ Գրքից մեջբերումներ անելու փոխարեն բավական է միայն ընթերցել Եբրայեցիներին ուղղված ուղերձի 11-րդ գլուխը, համոզվելու համար, թե որքան մեծ է հավատավոր նախնիների նկատմամբ ունեցած պատկառանքն ու նրանց հիշելու կարևորությունը հավատի հաստատման ճանապարհին:
Աստվածաշնչում բազմաթիվ են նաև այնպիսի նախնիների մասին հիշատակումները, ում գործերը չար էին Աստծո առաջ: Նրանց կյանքն էլ ողջերի համար յուրօրինակ դաս է, թե ինչպիսին չպետք է լինել:
Սակայն Ամբողջ Սուրբ Գրքում չեմ հիշում մի դեպք կամ դրվագ, որտեղ պարտադրվի գերեզման այցելելը, որքան էլ մեծ լինի ննջեցյալի նկատմամբ հարգանքը: Նման պարտադրանքը բացակայում է և՛ Հին Կտակարանում, մասնավորապես՝ Օրենքում ու պատվիրաններում, և՛ Նոր Կտակարանում: Չկա անգամ հորդոր կամ խորհուրդ: Կա դեպք, երբ կանայք այցելեցին գերեզման՝ օծելու Տիրոջ մարմինը: Սակայն սա եզակի դեպք է, որտեղ չկա պարտադրանք և որը վերաբերվում է ՏԻՐՈՋ գերեզմանին: Եվ անգամ այս դեպքը ավարտվում է «ձախողումով»՝ Տերը հարություն էր առել:
Հայ առաքելական եկեղեցու Տաղավար տոներին (ի դեպ՝ դրանց մի մասն էլ որևէ աղերս չունի Աստվածաշնչի հետ) հաջորդող երկուշաբթի օրերը պետականորեն «Ննջեցյալների հիշատակության օրեր» հայտարարելը հակասական կարծիքների տեղիք է տվել: Եկեղեցու ներկայացուցիչները փորձում են դրանք «հիմնավորել» Աստվածաշնչով: Մասնավորապես, վերջերս emedia.am կայքին տված հարցազրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Իսահակ Վարդապետ Պողոսյանը դրանց համար որպես հիմնավորում, ի թիվս այլոց,  հղում է կատարում Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթի Գ 19 և Դ 1-8 համարներին: Նախ նշենք, որ տվյալ համարները Նոր Կտակարանի թերևս առավել դժվարընկալելի և բազմաթիվ բանավեճերի տեղիք տված համարներն են: Չխորանալով (և դրա բարոյական իրավունքն էլ չունենալով) աստվածաբանական տարբեր մեկնաբանությունների մեջ, նշենք միայն, որ անգամ եթե Հիսուսն Իր «Հոգով գնաց քարոզեց բանտում եղած հոգիներին», ապա դրանից ոչ մի կերպ չի բխում, որ մենք պարտավոր ենք երկուշաբթի օրերը կառավարության որոշմամբ մարմնով այցելել գերեզմաններ, որտեղ ննջեցյալների միայն աճյուններն են, բայց ոչ երբեք՝ հոգիները:
Ուստի այցելել գերեզմաններ՝ ննջեցյալներին Բարի լուրը հասցնելու կամ տոնական ուրախությունը նրանց հետ կիսելու նպատակով, զավեշտալի է:
Վարդապետն իր հոդվածում հղում է կատարում նաև աստվածաշնչյան մի շարք այլ համարների: Ակնհայտորեն այդ հղումները նախատեսված են միայն նրանց համար, ովքեր չեն պատրաստվում «բան ու գործները» թողած Աստվածաշունչ ընթերցել: Որովհետև բոլոր նշված համարներն, առանց բացառության, որևէ կերպ չեն առնչվում ետտոնային մեռելոցներին: Հավանաբար հարգելի վարդապետի նպատակն ուղղակի տպավորություն գործելն է:
Մեծ ճիգերի գնով փորձում եմ խուսափել «մոլորեցնել» բառից և կիրառում եմ «տպավորություն գործել» կապակցությունը: Իսկ իրականում ո՞րն է ավելի ընդունելի, դատեք ինքներդ. Վարդապետն ասում է.«Հին Ուխտի Ղևտական գրքի ԻԲ գլխում կարդում ենք, թե ինչպես ժողովուրդը մինչև խոստացված կամ Ավետյաց երկիրը մտնելը, տաղավար/վրան/ներում էր ապրում և որ հինգ Տաղավարահարաց /որոնք մի քանի օրեր էին տևում/ տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին»: Ղևտացիների գրքի ԻԲ (22) գլխում որևէ տառ անգամ չկա Տաղավարահարաց տոնի մասին: Այդ տոնի մասին Աստված ասում է նույն գրքի հաջորդ՝ ԻԳ (23) գլխում: Կրկնեմ՝ ոչ թե Տաղավարահարաց տոների, այլ տոնի (եզակի թվով) մասին: Այդ գլխում Աստծո կողմից պատվերներ են տրվում բոլոր տոները, այդ թվում՝ Տաղավարահարաց Տոնը անցկացնելու վերաբերյալ: Սակայն չկա ոչ մի ակնարկ անգամ այն մասին, որ «տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին»: Կան այսպիսի տողեր. «Եօթը օր վրանների մէջ կ’ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն, որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց» (Ղև. 23:42-43)։ Սրա հիման վրա պնդել, թե «յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին», թող ընթերցողն ինքը որոշի, տպավորություն գործե՞լ է, թե՞ մոլորեցնել: Ամեն դեպքում՝ սուտ է:
Բացարձակապես մտադրություն չունեմ քննարկելու և առավել ևս՝ քննադատելու գերեզման այցելելու սովորությունն ընդհանրապես: Թյուրըմբռնումներից խուսափելու համար կրկին ընդգծեմ, որ խոսքս միայն վերաբերվում է տոներից հետո գերեզման այցելելու աստվածաշնչյան «հիմնավորումներին» և դրանց հիման վրա պետականորեն «հիշատակ մեռելոց» հաստատելուն:


Իսկ եթե հարգարժան հոգևորականները երբևէ փորձեն պետական մեռելոցների Աստվածաշնչյան նորոնոր «հիմնավորումներ» գտնել, աղաչում եմ, թո՛ղ հիմնավորեն նաև դրանց փոխարեն շաբաթ օրերը աշխատանքային օր հայտարարելու «սրբազան» որոշումը նույնպես: Չէ՞որ ասված է՝ «Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես» Բ Օր. 5:12:
Աշոտ Հովսեփյան


Մենք  ու դուք՝ բոլորս


Աղոթում եմ Աստծուն: Աղոթում եմ հարազատիս համար, որպեսզի ազատվի հարբեցողության կապանքներից: Աղոթում եմ Հայր Աստծուն, աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, աղոթում եմ Հոգով:
Փա՜ռք Տիրոջը՝ որոշ ժամանակ անց հարազատս իսպառ հրաժարվում է խմելուց: Ավելին՝ ինձ համար բացարձակապես անսպասելիորեն ապաշխարում է, սկսում է Աստվածաշունչ կարդալ, եկեղեցի հաճախել, ինքն էլ ուրիշների համար աղոթել:
Ու կրկին հասկանում եմ, որ Տերը «…կարո՛ղ է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և խորհում»  Եփես. 3:20:
Ու հանկարծ հայտնվում են մարդիկ՝ քրիստոնյաներ, որ սկսում են պնդել, թե ամեն բան սխալ է, թե ես մոլորյալ եմ ու քրիստոնյա կոչվելու իրավունք անգամ չունեմ, քանի որ… մեր եկեղեցում կանայք գլուխները գլխաշորով չեն ծածկում:
Տե՜ր իմ Աստված…
Սա մի օրինակ է միայն: Օրինակները բազմաթիվ են: Միմյանց մեղադրում ենք, «դուրս ենք գրում» քրիստոնյաների շարքերից, նույնիսկ դժոխքում հավիտյան այրվելուն ենք դատապարտում միայն այն բանի համար, որ, օրինակ, խաչակնքում են, լեզուներով են աղոթում, եկեղեցում կանայք խոսում են, մոմ են վառում…
Ու դա էլ քիչ է, միմյանց հռչակում ենք ոչ ավել, ոչ պակաս՝ «սատանայի սպասավորներ» :
Մարդիկ, իմ քրիստոնյա եղբայրներ ու քույրեր: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ է արդյոք սատանան լսել Հիսուս Քրիստոսի անունով սրտի խորքից եկած աղոթքը և բարիք կատարել մարդկանց: Մի՞թե սատանան իր չար բան ու գործը թողած պիտի մարդկանց ազատի ալկոհոլիզմից, բժշկի անբուժելի հիվանդություններ, ապաշխարության բերի, Աստվածաշունչ կարդալու ցանկություն առաջացնի, առաջնորդի դեպի եկեղեցի: Ու այս ամենն անի, քանի որ… ոմանք լեզուներով աղոթքի մասին առաքյալի խոսքերը ճիշտ չեն հասկացել:
Ի՜նչ լավ կարծիքի են այսպես մտածողները սատանայի մասին:
Ես նոր եմ հասկացել, բայց դուք վաղուց գիտեք, որ քրիստոնեությունը գլխաշոր ծածկել-չծածկելը չէ, հոգևորականի սափրվել-մորուք պահելը չէ, մոմ վառել-չվառելը չէ…
Հիվանդները բժշկվում են, ոչ թե մեռնում հիվանդությունից, հարբեցողները հրաժարվում են հարբելուց, ոչ թե մեռնում լյարդի քայքայումից, աղքատները աշխատանք են գտնում, ոչ թե մեռնում սովից: Տարբեր քրիստոնեական եկեղեցիներում այս ամենը կատարվում է Աստծո կամքով: Թող այս ամենից հետո ոմանք «սխալ քրիստոնյա» համարեն նրանց, ովքեր ընդունում են լեզուներով աղոթքի պարգևը, հոգ չէ:
Եթե մարդ հավատում է Հիսուս Քրիստոսի փառավոր անվանը, թողե՛ք, որ հավատա: Կարիք կա՞ արդյոք, որ հավատացյալի ուշադրությունը Հիմնականից՝ Հիսուս Քրիստոսից, շեղենք դեպի անվերջանալի բանավեճերը, «ճիշտ ու սխալ»  մեկնաբանությունները, գլխաշորերը, մոմերը, սրբապատկերները, հանդերձները: Կարիք կա՞ արդյոք, որ մարդկանց հավատն ապականենք անմիտ կասկածներով: Գիտենք, որ ինչպես Աստծո Խոսքն է մարդու սրտում ցանված սերմ, այդպես էլ սերմ է նաև կասկածը: Ու եթե Խոսքի սերմը բարի պտուղ է բերում, ապա կասկածի պտուղները չար են:
Իհարկե, գոյություն ունեն էական սկզբունքներ, որոնք պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար: Գոյություն ունեն աստվածային պատգամներ: Գոյություն ունի նաև մեղք: Թող Աստված ազատի մեզ մեղքից, չէ՞ որ միմյանց դատելն ու դատապարտելն էլ մեղք է.
Իրար վրա միևնույն խորհուրդը ունեցեքբարձր բաները մի խորհեք. Այլ խոնարհների հետ խոնարհվեցեքձեր անձերումը իմաստուն մի լինիք։ Հռոմ.12:16
Թող Աստված մեզ իմաստություն տա՝ Իր իմաստությունը, որպեսզի կարողանանք հասկանալ առաջին հերթին ոչ թե ուրիշի, այլ սեփական մոլորությունները, Թող Աստված մեզ այդ մոլորություններից շուտափույթ ազատվելու կամք ու վճռկանություն տա:
Ուրեմն, Նրան, որ կարո՛ղ է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և խորհում, ըստ այն զորութեան, որ գործում է մեր մէջ, Նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր ժամանակներում, Հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Եփես. 3:20.21

Զատկի առիթով

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:
Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:
Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես...
Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:
Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:
Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը...
Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դրաձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.
«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն...»
Կամ ինչպես մեր հներն էին երգում.
«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով....
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:
Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ... ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:
Հովհ. Թումանյան
1913թ.