Զատկի առիթով
Իմ երեխաներից մինը
մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում,
խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով
միանգամայն մտերմացել էր հետը:
Եվ անհամբեր սպասում
էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր
գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:
Զատիկն եկավ. և հենց
Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ
Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես...
Զատկի ու Քրիստոսի
ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության
տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող
ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից
ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եվ ճշմարիտ որ, Զատկի
տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության
վրա – զարմանում է:
Ի՞նչ կապ կա էդ օրը
և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:
Էդ օրը, գրեթե ամեն
տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել
ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ
ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
Մի օր, երբ ամենից
շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ
մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կա էս ամենի
մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի,
պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն
ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու
անընչասիրությունը...
Եվ դարձյալ նույն
պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց
սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն
է առնում ամեն զատկի և միշտ դրաձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն
է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.
«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն...»
Կամ ինչպես մեր հներն
էին երգում.
«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով....
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:
Իսկ Քրիստոսը – ո՜վ
գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ
ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ... ով էլ որ լինեն, ուր
էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:
Հովհ. Թումանյան
1913թ.
Комментариев нет:
Отправить комментарий