...Բոլոր բաները միասին վերցրած բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահամանության: Հռոմ 8:28
Ի՞նչ է մեղքը
Աստվածաշունչում մեղք է կոչվում.
ա) Աստծո
օրենքին չենթարկվելը (Ա Հովհ.
3:4 ) և
բ) Աստծո
դեմ ապստամբելը (Բ Օրինաց
9:7, Հեսուի 1:18)
Մենք մեղք ենք գործում, երբ չենք անում այն,
ինչ մեզնից ուզում է Աստված, կամ անում ենք այն, ինչ չի ուզում Աստված: Իսկ Աստված
ուզում է, որ մենք սիրենք Իրեն և սիրենք միմյանց:
Մեղքն այն է,
ինչը բաժանում է մարդուն Աստծուց՝ իր Արարչից: Աստված մարդուն արարեց գեղեցկատես և
կատարյալ: Նա օժտեց մարդուն բացարձակ ազատությամբ: Մարդն
ազատ է Աստծո սերը կամովին ընդունելու, Աստծուն վստահելու և Նրա գիտությամբ կատարյալ լինելու ազատությամբ:
Աստված ուզում էր, որ մարդն
ընտրի կատարյալ լինելու աստվածային ուղին, բայց չի զրկել մարդուն նաև Իրեն չլսելու,
հնազանդ չլինելու ազատությունից:
Հարց է ծագում, ինչու՞ Աստած չի զրկել մարդուն
մեղք գործելու ազատությունից: Բայց մի՞թե այդ դեպքում մարդու ազատությունը կլիներ լիարժեք:
Աստված ուզում է տեսնել մարդուն որպես ազատ անձնավորություն, որն ընդունակ է կատարել
ճիշտ ընտրություն: Ունենալով մարդ սպանելու հնարավորություն, մի՞թե անպայման անհրաժեշտ
է սպանել: Սակայն մարդը՝ Ադամը, տրվելով գայթակղությանը, ընտրեց մեղքը: Մեղքն Աստված չի ստեղծել: Մեղքն առաջացել է
սատանայի սրտում և փոխանցվել է Ադամին: Այսպիսով մեղքը Ադամի միջոցով աշխարհ եկավ,
իսկ մեղքի հետ նաև անեծքն ու մահը:
Մեղք բառը հունարենում (αμαρτία) նշանակում է նաև այլասերում, շեղում
նպատակից: Աստծո նպատակը մեզ լիովին կատարյալ տեսնելն է. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Կատարելության ճանապարհից ցանկացած շեղում
մեղք է: Կատարելության չափանիշը Հիսուսն է: Հետևաբար
ցանկացած արարք, որ չի կատարվել Նրա օրինակով, մեղք է. «Այն ինչ հավատից չէ՝ մեղք է» (Հռոմ.
14:23)
Հաճախ մարդիկ մեղք ասելով հասկանում են ինչ-որ
սահմանափակումներ, որ «հնարել են» կրոնավորները՝ իրենց «ուրախ կյանքը աղճատելու» նպատակով:
Սա անհիմն մտայնություն է: Աստվածաշունչը տալիս է այն արարքների ցանկը, որոնք մեղք
են.
«...մարմնի
գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, անբարոյություն,
կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, չարակամություն, բարկություն,
հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, նախանձ, սպանություններ, հարբեցողություն,
անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ»։ Գաղ. 5:19-21:
Մեկ այլ տեղ. «...վեճեր, նախանձ, բարկություններ, գրգռություններ, չարախոսություններ, բամբասանքներ,
գոռոզություններ, ամբարտավանություններ, խռովություններ»։ Բ Կոր. 12:20:
Սրանք մեղսավոր արարքների ոչ լրիվ թվարկումներ
են: Մի՞թե այստեղ կա մարդու նորմալ կենցաղային ուրախությունների գեթ մեկ սահմանափակում:
Սակայն եթե անգամ մարդը գիտակցում է մեղքի էությունը,
միևնույն է, նա անկարող ինքն իր ուժերով ազատվել մեղքի ստրկությունից, քանի որ ստրուկը
սեփական ոչինչ չունի: Միայն հավատալով փրկագնմանը, որ հանուն մեր փրկության տեղի ունեցավ
Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անմեղ արյան գնով, մենք կարող ենք ազատվել մեղքի իշխանությունից:
Արնախում չեն...
Խաղաղօվկիանոսյան մի կղզու բնակիչներին հարցնում են, թե ճի՞շտ է, որ ձեր կղզում մարդակերներ կան: Պատասխանում են. կային, արդեն չկան, վերջինին մի շաբաթ առաջ կերանք:
Սա հիշեցի վերջերս Մուհամեդի մասին ֆիլմի նկատմամբ իսլամական աշխարհի ռեակցիայի կապակցությամբ: Ֆիլմը ծաղրում է մուսուլմանների արյունախում լինելը, իհարկե՝ անչափ գռեհիկ ձևով: Մուսուլմանները դրա դեմ բողոքում են ... արյուն խմելով:
Ինչու՞ ենք վստահ, որ Աստվածաշունչը մինչև մեզ հասնելը չի փոխվել
Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, կազմված է վաթսունվեց
գրքերից: Դրանցից երեսունիննը կազմում են Հին Կտակարանը, քսանյոթը՝ Նոր Կտակարանը:
Այս վաթսունվեց գրքերը հաճախ կոչվում են կանոնական կամ նախականոն գրքեր, քանի որ քրիստոնեական
եկեղեցին գտնում է, որ դրանց մեջ է ամփոփված Աստծո ճշմարիտ խոսքը՝ ճշմարտության կանոնը:
Մարգարեները, ավետարանիչները, առաքյալները
գրել են Աստվածաշունչը՝ առաջնորդվելով Աստծո ոգեշնչմամբ: Դրանից հետո, արտագրելու ընթացքում
Աստվածաշունչը ենթարկվել է որոշ աղավաղման: Այս երեևույթն էլ որպես «հիմք» է ծառայում
հետաքրքրասերների համար հարցնել, թե արդյո՞ք Աստվածաշունչը արտագրվելու ընթացքում չի
աղավաղվել այնքան, որ կորցնի է իր նշանակությունը որպես աստվածային ճշմարտություն:
Չե՞ որ բնագրերը չեն պահպանվել:
Բարեբախտաբար, աշխարհի տարբեր թանգարաններում
պահպանվում են Աստվածաշնչի բոլոր գրքերը
բազմաթիվ հնագույն ձեռագրերի տեսքով՝ արտագրված ամենատարբեր
ժամանակշրջաններում: Ձեռագրերի համեմատությունը
հնարավորություն է տալիս բացահայտել դրանց տարբերությունները, կամ, ինչպես երբեմն դրանք
անվանում են, վիճելի հատվածները՝ այն հատվածները, որոնք աղավաղվել են արտագրելիս: Սրա
վերաբերյալ կան մասնագետների, բանասերների, աստվածաբանների, տեքստաբանների բազմաթիվ
աշխատություններ:
Բոլոր ուսումնասիրությունների արդյունքում
ապացուցվել է, որ.
·
Նոր Կտակարանի յոթ ութերորդը լիովին համընկնում է բոլոր հին
ձեռագրերում:
·
Նոր Կտակարանի 12,5 % -ը կազմող տարբերությունները
մեծամասամբ ուղղագրական, քերականական սխալներ
են, վրիպակներ կամ բառերի տեղափոխություններ, որոնք ոչ մի կերպ չեն ազդում իմաստի վրա:
Իմաստի վրա ազդող տարբերությունները կազմում են Նոր Կտակարանի տեքստի մեկ վաթսուներորդ
մասը միայն, ըստ որում, այդ տարբերությունները
վերաբերվում են Ավետարանի միայն որոշ ոչ առանցքային
գաղափարների: Այսպիսով, Նոր Կտակարանի 98,3 %-ի հավաստիությունը որևէ կասկածի տեղիք չի
տալիս:
·
Հին Կտակարանի հավաստիությանը վերաբերվող բոլոր կասկածները փարատվեցին 1947 թ., երբ Պաղեստինում հայտնաբերվեցին «Մեռյալ
ծովի մագաղաթները», որ այլ կերպ անվանում են նաև Կումրանի մագաղաթներ: Դրանք Հին Կտակարանի
բոլոր գրքերի հնագույն ձեռագրեր են, արտագրված Ք.Ա. 2-րդ և 3-րդ դարերում: Դրանց տեքստերը
ամբողջությամբ համընկնում էին ավելի ուշ ձեռագրերի տեքստերի հետ: Սա վկայում էր այն
մասին, որ Հին Կտակարանի տեքստը արտագրելիս չի ենթարկվել բացարձակապես որևէ փոփոխության:
Բացատրվում է այդ փաստը Սուրբ Գիրքը սերնդե սերունդ փոխանցելու հարցում հին հրեական
դպիրների (արտագրողների) առանձնահատուկ նախանձախնդրությամբ:
·
Քրիստոնեական հավատի որևէ դավանաբանական, աստվածաբանական կամ
բարոյական սկզբունք հիմնված ՉԷ Աստվածնչի տեքստի տարընթերցումների (վիճելի հատվածների) վրա:
Ո՞վ է գրել Աստվածաշունչը
Աստվածաշունչը
բաղկացած է երկու մասից՝ Հին և Նոր Կտակարաններից: Հին Կտակարանի ծավալը երեք անգամ մեծ է
Նոր Կտակարանի ծավալից և գրվել է
մինչև Քրիստոսը: Ավելի ճիշտ՝ մինչև Մաղաքիա մարգարեն, ով ապրել է Ք.Ա. (Քրիստոսից առաջ) 5-րդ դարում: Նոր Կտակարանը գրվել է առաքյալների
ժամանակներում, այսինքն՝ Ք.Հ. (Քրիստոսից հետո) 1-ին դարում: Երկու մասերն օրգանապես կապված
են միմյանց հետ. Հին Կտակարանն առանց Նոր Կտակարանի անավարտ կլիներ, Իսկ Նոր Կտակարանն
առանց Հին Կտակարանի՝ անհասկանալի:
Աստվածաշնչի բովանդակութունը դիտելիս
ակնհայտ է դառնում, որ երկու մասերն էլ ժողովածուներ են, կազմված առանձին ստեղծագործություններից՝
գրքերից, մարգարեություններից, նամակներից (թղթերից): Այս վաթսունվեց
գրքերի մեծ մասը կրում է դրանք գրառողների՝ տարբեր ծագում ունեցող և տարբեր ժամանակաշրջաններում
ապրած 30 այրերի անունները: Դավիթն ու Սողոմոնն, օրինակ, թագավորներ էին, Ամոսը՝ հովիվ, Դանիելը՝ պետական գործիչ,
Եզրասը՝ գիտնական-դպիր, Մաթևոսը՝ մաքսավոր (հարկահավաք), Ղուկասը՝ բժիշկ, Պետրոսը՝ ձկնորս:
Մովսեսն իր գրքերը գրել է Քրիստոսից մոտ
1500 տարի առաջ: Հովհաննեսի հայտնությունը գրվել է Ք.Հ. 1-ին դարի վերջին: Այս 1600 տարվա ընթացքում են գրվել նաև Աստվածաշնչի
մյուս գրքերը: Կարող է կարծիք ստեղծվել, թե այսքան մեծ ժամանակահատվածում տարբեր անձանց
կողմից ստեղծված գրքերում նկարագրված են միմյանց հետ առնչություն չունեցող իրադարձություններ,
այն էլ տարբեր տեսանկյուններից: Սակայն իրականում պատկերն այլ
է:
Եթե
Աստվածաշնչի «հեղինակները» գրառած լինեին բացառապես սեփական դիտարկումներն ու մտորումներն
Աստծո մասին, ապա գուցե ստացվեր մի հետաքրքիր գիրք, որը, սակայն, զրկված կլիներ իր
առանձնահատուկ նշանակությունից և կլիներ շարքային մի գիրք՝ դրված գրապահարանում շատ
ու շատ այլ գրքերի շարքում:
Սակայն
Աստվածաշունչը գրողները անպայման ընդգծում են, որ իրենք ոչ թե սեփական մտքերն են արտահայտել,
այլ գրառել են այն, ինչ իրենց ասել կամ ցույց է տվել Աստված: Աստվածաշունչն ինքը պարունակում
է իր ստեղծման բանալին. «Ամբողջ Գիրքը Աստծո
շունչն է և օգտակար վարդապետության, հանդիմանելու, ուղղելու և արդարությամբ խրատելու
համար» (Բ Տիմ.3:16): Այսինքն՝ Աստվածաշնչում գրված ամբողջ խոսքը
ներշնչված, ոգեշնչված է Աստծո կողմից:
Սա
է պատճառը, որ Աստվածաշնչի բոլոր գրքերը նվիրված են միևնույն հարցերին. ո՞վ
է Աստվածը, ո՞վ է մարդը, ի՞նչ է ասում Աստված մարդուն:
Հավատացյալներն
ունեն հզոր մի զենք՝ աղոթքը, որի միջոցով կարող են անձամբ համոզվել, որ Աստվածաշնչում
գրված մտքերը ներշնչված են Սուրբ Հոգու կողմից: Նրանք աղոթքի միջոցով հնարավորություն
ունեն դիմելու Աստվածաշնչի իրական Հեղինակին՝
Աստծուն, խդրելով, որ իրենց համար բացի Սուրբ Գրքի իմաստություններն իրենց ամբողջ
խորությամբ:
Երկրային դժոխքը: Իրական պատմություն իրական անուններով
Մինչև
1988-ի երկրաշարժը Աշոտն ինքն իրեն աթեիստ էր համարում: Վիճում էր հավատացյալների հետ,
ծաղրում նրանց «միջնադարյան խավար» մտածելակերպը:
Սովորում
էր Պոլիտեխնիկի ասպիրանտուրայում, նաև արդեն դասավանդում էր: 88-ի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժից երկու ժամ չանցած, շատերի նման մեկնեց Գյումրի (այն ժամանակ՝
Լենինական): Այնտեղ ինքն ու ընկերը կորցրին ֆակուլտետի մյուս տղաներին: Ստիպված էին
ավերված քաղաքով մեկ փնտրել նրանց: Քայլում էին քաղաքով ու ամեն քայլափոխի տեսնում
էին նոր ավերակներ, դիակներ, մարդկային անսահման վիշտ...
Լենինականից
Աշոտը վերադարձավ հավատացյալ դարձած: Մինչև այժմ դժվարանում է բացատրել, թե ինչ կատարվեց
իր հետ Լենինականում, բայց մի բան հաստատ է՝ անհավատության պատը փլվել էր:
– Տեսնելով
հողին հավասարված տները, շինարարական աղբի վերածված
բարձրահարկ շենքերը, այլանդակված դիակների առատությունը, ես հասկացա,
կամ, ավելի ճիշտ՝ զգացի, որ գոյություն ունի վերին անհաղթահարելի ուժ՝ Աստված,–պատմում
է Աշոտը:– Թվում էր, թե հակառակը պետք է տեղի ունենար. հավատացյալները, տեսնելով ահավոր
ավերածությունները, պետք է հրաժարվեին հավատալուց, բայց ինձ հետ կատարվեց ճիշտ հակառակը՝
ես դարձա հավատացյալ:
Դարձավ հավատացյալ
և սկսեց փնտրել Աստծուն: Բայց ավաղ, փնտրում էր այնտեղ, որտեղ Նա չկար: Սկզբում, բնականաբար,
սկսեց հաճախել եկեղեցի: Մկրտվեց:
Ինքը դարձավ ուրիշների կնքահայր: Անգամ ձեռք բերեց քահանա ընկեր: Սակայն ոչ
ոք նրան չբացատրեց, թե ինչ
է մկրտությունը, ինչ է ապաշխարությունը,
ով է Աստված, ով է Հիսուսը, ինչ է արել Նա մարդկանց համար, ինչ է նշանակում՝
լինել քրիստոնյա, ինչու ենք մենք՝ հայերս, քրիստոնյա:
Հոգևոր
քաղցը «բավարարվեց» այլ ճանապարհով: Մի ընկեր ուներ՝ կրիշնա-գիտակցության ներկայացուցիչ,
անունը Արմեն (նա հետագայում ինքնասպան եղավ): Արմենը սկսեց Աշոտին մատակարարել հնդկական կրոնա-փիլիսոփայական գրականություն: Հետո աստիճանաբար անցավ այլ արևելյան ուսմունքների:
– Սկսեցի կարդալ հնդկական, չինական, տիբեթյան,
հետո՝ եվրոպական օկուլտիստական, մեքսիկական, մոգական և շատ
ու շատ այլ «...ական» գրքեր: Ճիշտ
է, կարդացի նաև Նոր Կտակարանը և Հնի մի մասը, բայց էությունը չընկալեցի:
Աշոտի
կողքին չկար մեկը, որ պարզաբաներ, ուղղորդեր նրան Աստծո խոսքի էությունը ճիշտ ըմբռնելու համար:
– Ծանոթացա աշխարհի շատ կրոնների և ուսմունքների հետ: Ու ինձ թվում էր,
թե հանգել եմ մի «հանճարեղ» եզրակացության՝ Աստված
նույնն է բոլոր կրոններում և բոլորովին էական չէ, թե ինչ կրոն ես դավանում: Էականը
հավատալն է: Սա եղավ հենց այն ճակատագրական սխալ եզրակացությունը, որի պտուղները ես դեռ պիտի ճաշակեի:
Ապրում
էր ակտիվ կյանքով: «Սպիտակ» փրկարարական
ջոկատի անդամ էր: Ամուսնացել էր:
Երեք երեխաների հայր էր: Ինստիտուտում հասել էր դեկանի տեղակալի պաշտոնին, ուսանողները
սիրում էին: «Ուտող-խմող, ասող-խոսող տղա» էր՝
մեծ շրջապատով: Փողի պակաս չուներ: Որոշ
ռեստորաններում անունով էին ճանաչում: Անսթափ վիճակում աշխատանքից տուն վերադառնալը աստիճանաբար սովորություն էր դարձել:
Արմենն
Աշոտին համոզել էր (և
Աշոտն ինքն էլ համոզվել էր իր կարդացած գրքերով), որ եթե մտավորականն իր ընտանիքը պահելու համար մեղք է գործում,
ապա այդ մեղքն ամբողջությամբ ընկնում է երկրի իշխանավորների վրա: Այսպիսով, Աշոտը,
լինելով «հավատացյալ», ընկղմվում էր մեղքի ճահիճը: Ու
իրեն թվում էր, թե դրանով վրեժխնդիր է լինում
երկրի իշխանավորներից:
Սակայն
իր հայրենիքը սիրում էր: Սիրտը ցավում էր տեսնելով շատ հայրենակիցների ընչազուրկ վիճակը, անարդարությունները,
արտագաղթը...: Համոզված էր, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություներ: Մարդկանց խմբերը, որ
կրում են «կուսակցություն» անվանումը, Աշոտը
տանել չէր կարող: Բայց գիտեր, որ
առանց գաղափարախոսության էլ անհնար են լուրջ փոփոխությունները: Եվ ընտրեց իր տեսակետից միակ «ճիշտը»՝ ազգային
գաղափարախոսությունը: Եվ որպես դրա ապացույց 2008 թվականի ամռանը՝ Վարդավառի օրը Գառնու տաճարում ինքը, կինը և ավագ
դուստրը օծվեցին
որպես... հեթանոս՝ հայ արիացի:
– Իմ գիտակցության մեջ արմատացած կեղծ գաղափարներից մեկն էլ այն էր, որ Աստված (հիմա արդեն Հայր Արան) իրեն հավատացողներին աջակցում է բոլոր
հարցերում՝ այդ թվում նույնիսկ մեղք գործելիս: Հենց այս «սկզբունքն»
էլ պատճառ դարձավ, որ «գեղեցիկ կյանքի» որոնումների արդյունքում հայտնվեցի... Իրանի
բանտում:
Առաջին
ամիսներն անտանելի էին: Պարսկերեն չգիտեր, բարքերին
ծանոթ չէր, ապագան անորոշ էր:
Իրեն տեղավորել էին մահապարտների բաժանմունքում: Ամեն շաբաթ մի քանի հոգու տանում էին կախելու: Աշոտը դժկամությամբ է խոսում այդ օրերին իր ունեցած ապրումների մասին: Գերադասում է չհիշել:
– Հոգուս խորքում համոզված էի, որ միայն Աստված ինձ կարող է փրկել
այդ դժոխքից: «Աղոթում էի»:
Հայր մերից հետո դիմում էի Հայր Արային, հետո կրկնում էի՝ Հարե Կրիշնա, հետո
նույնիսկ՝ բեսմելլահ ալ ռահման ալ ռահիմ, միամտորեն կարծելով, թե
իրենց երկրում եմ, գուցե Աստված այդ լեզվով ինձ կլսի: Երբեմն
մտքումս կռվում էի Աստծո հետ: Կռվեցի, կռվեցի
և ի վերջո՝ Աստծուց բոլորովին «խռովեցի»:
Աստիճանաբար
սովորեց պարսկերեն: Դարձավ բանտային նվագախմբի կիթառահարը: Չորս ամսից ավելի մահապարտների բաժանմունքում պահելուց հետո տեղափոխեցին համեմատաբար բարվոք բաժանմունք: Ընտանիքի հետ հեռախոսով կարողանում էր խոսել օրական երկու, երեք
րոպե: Երբեմն, հաշվի առնելով, որ
բանտի կիթառահարն է, թույլ էին տալիս խոսել յոթ-ութ
րոպե:
Մի
օր էլ կինը՝ Մարինեն, այդ րոպեների ընթացքում հասցրեց ասել.
– Աշոտ ջան, շատ եմ խնդրում, հրաժարվիր
Գառնու մկրտությունից, ներողություն խնդրիր Հիսուսից ու նա կների: Միայն
Հիսուսը կարող է քեզ ազատել այդտեղից:
– Աշոտին բռնելու լուրն ստանալուց հետո հայտնվել էի անելանելի վիճակում: Մի կողմից երեք երեխաների հոգսը, մյուս
կողմից՝ ամուսնուս անորոշ վիճակը: Փառք Աստծո, որ
չխելագարվեցի: Մի օր աշխատակցուհիներիցս մեկը՝ Նունեն, տեսնելով իմ ահավոր ընկճված վիճակը, առաջարկեց
իր մոտեցումը. «Ընդունիր Հիսուսին որպես Տեր և Փրկիչ,
և Նա կլուծի քո բոլոր խնդիրները»:
Սկզբում
Մարինեն թերահավատությամբ ընկալեց առաջարկը: Բայց այլընտրանք չուներ: Հանդիպեց
նաև Նունեի հավատացյալ ընկերուհիների հետ՝ Ավետարանական հավատի եկեղեցիներից մեկից, զրուցեց, ապաշխարեց, ընդունեց
Հիսուսին որպես Տեր և Փրկիչ և ստացավ խոստացված հանգստությունը: Ամբողջ եկեղեցին Մարինեյի հետ սկսեցին աղոթել Աշոտի համար:
Լսելով
կնոջ հորդորներն ու աղերսանքը, Աշոտի առաջին հարցը եղավ.
–Մարինե, հո աղանդավոր չե՞ս դարձել: Հո
Եհովայի վկա չե՞ս դարձել:
Բայց
աստիճանաբար տեղի տվեց և որոշեց «հաշտվել» Աստծո
հետ: Սկզբում երկչոտ, հետո ավելի ու ավելի համարձակ նա սկսեց Աստծուց ներողություն խնդրել իր մոլորությունների համար, հրաժարվեց
հեթանոսական «մկրտությունից»:
Բանտում
կար մի թուրք պաշտոնյա: Աշոտին, որպես
հայի, տեղափոխեց մի ահավոր բաժանմունք՝ նեգրերի և աֆղանների մոտ:
– Եթե ֆիլմերում տեսնեք նման պայմաններ, չեք հավատա: Անտանելի
կեղտոտ, գարշահոտ ու զզվելի միջավայր էր, – հիշում է Աշոտը:
Դիտավորյալ
տեղավորեցին զուգարանի պատի մոտ՝ հատակին: Երբեմն հուսահատությունը հասնում էր անգամ
ինքնասպանության մասին մտքերի:
Բայց
չկա չարիք առանց բարիքի: Բաժանմունքը ոստիկանության սենյակի հետ կապված էր միայն բակի միջոցով, այդ
պատճառով բակի դուռը գիշերները չէին փակում և այստեղ հնարավոր էր երեկոյան մութն ընկնելուց հետո մեկ երկու ժամ մնալ բաց երկնքի տակ: Մյուս բաժանմունքներում դա անհնար էր՝
բակի դռները փակվում էին: Այստեղ
նույնպես արգելված էր, բայց Աշոտին ներքին կարգով, որպես հարևան երկրի քաղաքացի և որպես կիթառահար
թույլ էին տալիս: Իրանի բանտարկյալի համար գիշերը
գլխավերևում աստղազարդ երկինք տեսնելը մեծ երջանկություն էր:
– Մի օր քայլում էի բակում, նայում աստղային երկնքին ու մտքումս խոսում Աստծո հետ: Ավելի ճիշտ՝ կռվում էի: Տեր Աստվա՜ծ,–կանչում էի լացակումած,– Դու ասում ես,
թե ով թակի՝ պիտի բացվի, ով խնդրի՝ պիտի տրվի: Ես
թակում եմ, ինչու՞ չես բացում, խնդրում
եմ, ինչու՞ չես տալիս: Տե՜ր, Դու
անառակ որդու վերադարձի առակն ես պատմում: Համարիր ինձ Քո անառակ որդին: Վերադարձել
եմ, ինչու՞ չես ընդունում:
– Ու հանկարծ,–շարունակում է Աշոտը,–
մի այնպիսի աստվածային համոզմունք իջավ ինձ վրա, որ կարծես Աստված ասում էր.
«Ի՜նչ ես իրար անցել, ո՞վ ասաց, թե
չեմ ընդունում, ընդունել եմ:
Ես Աստված եմ, ինչպե՞ս կարող եմ չկատարել իմ իսկ տված խոստումը: Հանգստացիր,
արդեն ընդունել եմ, արդեն դու Իմ զավակն ես»...
Երկու-երեք օր հետո Աշոտին կրկին տեղափոխեցին իր հին բաժանմունքը՝ նվագախմբի նույնպես թուրք գեղարվեստական ղեկավարի ջանքերով:
Ձերբակալությունից տաս
ամիս հետո միայն Մարինեն կարողացավ գնալ Իրան և այցելել ամուսնուն: Հայաստանից ամուսնու համար տարած միակ բանը Նոր Կտակարանն էր՝ սաղմոսների հետ և երեխաների
նկարները: Տեսակցություն թույլատրեցին միայն ապակու ետևից:
Աստծո
հրաշքով, ներքին կարգով Գիրքը վերցրին Մարինեից և փոխանցեցին Աշոտին: Առավել զարմանալի էր,
որ դա արեցին հենց բանտապետի հրահանգով: Այդ օրերին ինչ-որ
համաճարակի պատճառով դրսից ընդհանրապես որևէ իր բանտ տանելը խստիվ արգելված էր: Իսկ հաշվի առնելով նաև քրիստոնեության և քրիստոնյաների նկատմամբ
իրանցիների դաժան վերաբերմունքը, սա աներևակայելի դեպք էր,
անհավանական, հրաշք:
– Դրանից հետո մեր հեռախոսազրույցները լսողները կկարծեին, թե խելքներս թռցրել ենք,–ծիծաղելով
հիշում է Մարինեն:–Փոխանակ խոսեինք երեխաներից կամ ազատվելու հնարավորություններից, ես արագ-արագ
ասում էի. Աշոտ, այսինչ
սաղմոսը կկարդաս, ինքն էլ պատասխանում էր՝ կարդացել եմ,
շատ լավն է, դու էլ Հռոմեացիների այնինչ համարը կարդա:
Բանտում
կարդում էր Ավետարանը և նույնիսկ
իր ջարդոտված պարսկերենով բանտակիցներին քարոզում իր կրոնի առավելությունները իսլամի նկատմամբ: Մի քանի հոգի երանությամբ լսում էին ու վախվորած շուրջբոլորը նայելով ասում՝ քիչ է մնում
համոզես ես էլ քո կրոնն ընդունեմ: Իսկ քանի-քանիսն
էլ զգուշացնում էին. զգույշ մնա, քրիստոնեություն քարոզելու
համար քեզ կկախեն:
Այդպիսի վտանգ իսկապես կար: Բայց, փառք
Տիրոջը, չկախեցին:
Աշոտը
չէր կորցնում ազատության հույսը: Փորձում էր գտնել բանտից դուրս գալու որևէ ճանապարհ: Դիմել
էր Հայաստանի դեսպանին՝ ապարդյուն, դիմել էր Իրանի իշխանություններին՝ ապարդյուն, դիմել էր Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի հոգևոր առաջնորդարան՝ անտարբերություն:
Հարց
ու փորձ անելով գտավ օրենքը շրջանցելով բանտից ազատվելու մի ձև: Գտավ նաև մարդիկ, որ
պատրաստ էին համապատասխան գումարի դիմաց իրականացնել այդ գործը: Թվում էր,
թե ամեն բան մտածված ու նախատեսված է:
Ամեն
անգամ գործարքն իրականացնելուց առաջ Աշոտն աղոթում էր. Տեր, ես
գիտեմ, որ այս ձևը կեղծիք է, բայց Դու Աստված ես,
Քեզ համար անհնար ոչինչ չկա, խնդրում եմ,
այնպես արա, որ ստացվի:
Բայց
չէր ստացվում ու չէր ստացվում: Բանը հասավ նրան, որ
քիչ էր մնում երկու-երեք հոգու ձերբակալեին պետությանը խաբելու փորձի համար: Դրանով
այս տարբերակի հույսը ամբողջությամբ հօդս ցնդեց: Բայց, այ
քեզ զարմանք, դրան հաջորդեց ոչ թե հուսալքությունը, այլ ընդհակառակը՝ հանգստությունն իջավ և՛ Աշոտի, և՛
Մարինեի վրա:
– Աշոտ ջան, համոզված եղիր, Աստծո
հրաշքով ես դուրս գալու,– հեռախոսով հաճախ կրկնում էր Մարինեն:
Եվ
հրաշքը կատարվեց:
Բանտի
սոցիալական ոլորտի աշխատակիցներից մեկն այցելեց նվագախմբի փորձերի սենյակ և Աշոտի նվագելը նրան դուր եկավ: Ստեղծվեցին ընկերական հարաբերություններ: Մի օր էլ Աշոտը խնդրեց նրան համակարգչում նայել իր գործը, և
կատարվեց անսպասելին: Աշխատակիցն ասաց, որ
գործում տեղի է ունեցել փոփոխություն: Միայն որոշ տուգանք մուծելով Աշոտը կարող էր ազատվել: Այդ
մասին Աշոտին դեռ ոչ ոք չէր տեղեկացրել:
Մեկ
և կես տարուց ի վեր Աշոտի ընտանիքում նման երջանիկ օր չէր եղել:
Հարկավոր
էր մոտ երեք հազար դոլար: Մարինեն դիմեց բոլոր հարազատներին, ընկերներին, բարեկամներին, բոլոր-բոլորին:
Փառք Աստծո, գտնվեցին բարի մարդիկ: Մի
մասը պարտքով, մի մասն անվերադարձ, գումարը հավաքվեց:
Աշոտին
ազատեցին իր հիսունամյակի օրը:
Ընդհանուր
առմամբ Աշոտը իրանի բանտում անցկացրեց մեկ տարի, ութ ամիս և չորս
օր: Հիմա Աշոտը հաճախում է Երևանի Ավետարանական հավատի եկեղեցիներից մեկը: Ապաշխարել
է ինքը և ամբողջ ընտանիքը:
Երեխաների
ապաշխարության պատճառ են եղել նույնպես հրաշքները: Յուրաքանչյուրը դեպի Աստծուն է դարձել
յուրովի և յուրաքանչյուրի պատմությունն առանձին հզոր վկայության
նյութ է:
Երբ
մտերիմները կարեկցական հայացքով, խորհրդավոր նրբանկատությամբ հիշեցնում են բանտում քաշած ծանր օրերը, անչափ
զարմանում են պատասխանից.
– Փառք եմ տալիս Աստծում, որ ես ընկա այդ դժոխքը: Աստված
ցույց տվեց ինձ երկրային դժոխքը, որ խելքս գլուխս հավաքեմ և արժանանամ
երկնային դրախտին, ոչ թե իրական դժոխքին: Եթե
ինձ հետ այդ արկածները չպատահեին, ես դեռ նույն անհավատը մնացած կլինեի ու կշարունակի ընկղմվել մեղքի մեջ: Իսկ
մեղքի վարձը մահն է...
Եվ
մեջբերում է մարգարեի խոսքը. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ
վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։ Ահա Աստուածն իմ եւ
փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն
է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար» (Եսայի 12:1,2)։
Մոգության,
յոգայի, օկուլտիզմի, հեթանոսության մասին լսել անգամ չի ուզում: Անկեղծորեն
կարեկցում է նման հակաքրիստոնեական «ուսմունքներով» զբաղվողներին:
Ցավ
է զգում նաև իր մտերիմներից նրանց մտայնության համար, ովքեր պնդում են, թե
իբր «ես իմ աստվածն ունեմ և իմ սրտում իմ ձևով հավատում եմ նրան, ի՞նչ պարտադիր է,
որ Աստվածաշունչ կարդամ կամ եկեղեցի հաճախեմ»: Հիշեցնում է իր
պատմությունը ու աղերսում, որ իր դառը փորձը դաս լինի իրենց համար: Խնդրում
է բոլորին ընդունել մի պարզ, բայց հանրահայտ ճշմարտություն. առանց աստվածային գիտելիքի հավատը կարող
է վերածվել մոլորության,
որը տանում է դեպի կորուստ: Իսկ աստվածային միակ ճշմարիտ գիտելիքի աղբյուրն ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ է: